ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Հալեպի շրջանում հումանիտար շարասյանը հարվածներ հասցնելուն Սիրիայի կառավարական ուժերի կամ Ռուսաստանի մասնակցությունը անվանել է «փաստ», հայտնում է RIA Novosti-ն:
«Ցանկանում եմ ձեզ հետ կիսվել մի քանի փաստերով` հենց փաստերով: Երեկ երեկոյան, ինչպես ասված են մեր ունեցած հաղորդագրություններում, տեղի է ունեցել ավիահարված Հալեպի մոտ բժշկական հաստատության վրա, և չորս հումանիտար աշխատողներ զոհվել են, չնայած այն փաստին, որ պետք է լիներ հրադադար: Կա միայն երկու երկիր, որոնց ինքնաթիռները թռչում են գիշերը, որոնց ինքնաթիռները ընդհանրապես թռչում են այդ կոնկրետ շրջանում` դա Ռուսաստանն է և Սիրիան»,- ասել է Քերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Սիրիայի հարցով նախարարական նիստում:









































