Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը իր նախնական կարծիքում դատապարտել է Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունները, որոնց շուրջ սեպտեմբերի 26-ին անցկացվելու է հանրաքվե: Այս մասին նշված է ԵԽ-ի հայտարարության տեքստում, որը հայտնվել է լրատվամիջոցի տրամադրության տակ:
Փաստաթղթում նշված է, որ հանձնաժողովի փորձագետների կարծիքով՝ առաջարկվող բազում փոփոխություններ լրջորեն խախտում են ուժերի հավասարակշռությունը՝ աննախադեպ դարձնելով նախագահի լիազորությունները: Նրանք կարծում են, որ նախագահական լիազորությունների ժամկետի մեծացումը 5-ից 7 տարվա չի կարող լինել արդարացված՝ հաշվի առնելով նախագահի առանց այն էլ ուժեղ դիրքը, որը 2009 թվականից կարող է վերընտրվել անսահմանափակ անգամ:
Բացի այդ, հանձնաժողովի փորձագետները մտահոգություն են հայտնել խորհրդարանը ցրելու իրավունքով նախագահին օժտելու, ինչպես նաև դատավորներ նշանակելու հարցում խորհրդարանի լիազորությունները կրճատելու կապակցությամբ:
Փորձագետներին մտահոգել է նաև ոչ մեկի կողմից չընտրված փոխնախագահի պաշտոնի ներդրումը, որը կարող է ինչ-որ պահի ղեկավարել երկիրը, ինչպես նաև պետության ղեկավարի կողմից իր համար հարմարավետ ժամանակ վաղաժամ նախագահական ընտրություններ հայտարարելու իրավունք ստանալը:
Հանձնաժողովը կարծում է, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ ձևով չեն քննարկվել խորհրդարանում, իսկ հանրաքվեն անցկացվում է չափազանց արագ՝ առանց հասարակական իրական քննարկումների:
Փաստաթղթում ընդգծվում է, որ հանձնաժողովի անդամները ժամանակի սղության պատճառով ի վիճակի չեն եղել այցելել Ադրբեջան և չեն կարողացել հանդիպումներ ունենալ իշխանությունների, փորձագետների և շահագրգիռ այլ կողմերի հետ:
Դրա հետ կապված՝ Վենետիկի հանձնաժողովը ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները իր հետ չեն խորհրդակցել տվյալ թեմայի շուրջ՝ մինչ փոփոխությունների հարցով հանրաքվե հայտարարելը:










































