Գերմանիայի մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ դարձել են մասշտաբային կիբերհարձակման զոհ։ Կիբերհարձակման մեջ կասկածվում են ռուս ցանցահենները։ Այս մասին գրում է Süddeutsche Zeitung պարբերականը։
Հաղորդվում է, որ կիբերհարձակումն իրականացվել է դեռևս օգոստոսին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Քաղաքական գործիչները էլեկտրոնային նամակներ են ստացել ոմն Հենրիխ Կրամերից։ Նամակներն իբր ուղարկվել էին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանից։ Դրանցում եղել է հղում, որով անցումը հանգեցրել է համակարգչի վարակման։
Կառավարական փորձագետների կարծիքով՝ կիբերհարձակման հետևում կարող են կանգնած լինել Sofacy խմբի ռուս ցանցահենները, որոնց գերմանացի իրավապահ մարմինները պատասխանատու են համարում անցած գարնանը Բունդեսթագի վրա կատարված ցանցահենային հարձակումների համար։
Ինչպես ասվում է հոդվածում, կասկածներ կան, որ ներկայիս հարձակման կազմակերպիչները ցանկանում են ինչ-որ կերպ ազդել խորհրդարանական ընտրությունների վրա, որոնք Գերմանիայում կանցկացվեն 2017 թվականին։









































