Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ուղերձ է հղել Վետերանների օրվա կապակցությամբ, որը Թուրքիայում նշում են սեպտեմբերի 19-ին:
«Անատոլիայի հողերը դարձան մեր հայրենիքը, պահպանվեց ազգի միասնությունն ու պետության ամբողջականությունը, ինչի համար մենք մեծապես պարտական ենք մեր վետերաններին: Ուստի վետերան հասկացությունը համարվել է թուրք ժողովրդի ամենակարևոր արժեքներից մեկը»,- ասել է Էրդողանը:
Նա հիշատակել է 1071 թվականի Մանազկերտի ճակատամարտի մասին, որում սելջուկ թուրքերը պարտության են մատնել բյուզանդական զորքերին, ինչպես նաև 1915 թվականի Դարդանելի ճակատամարտի ու 1919-1923 թվականների քեմալական շարժման (իր խոսքով՝ ազգային-ազատագրական պատերազմի ընթացքի) մասին:
«Մեր ժողովրդի զավակները համայն աշխարհին ցույց տվեցին, որ թուրք ազգը գոյատևելու է մինչև դարերի վերջը: Թուրքական հողի յուրաքանչյուր քար ներկված է ազգի միլիոնավոր որդիների ու դուստրերի արյամբ, որոնց անունները հիմնականում անհայտ են»,- իր ուղերձում ասել է Թուրքիայի նախագահը:








































