Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրին ԱՄՆ կողմից 38 միլիարդ դոլարի օգնության ռազմական փաթեթի փախանցումը կուժեղացնի հրեական պետության անվտանգությունը: Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը:
«Այս համաձայնությունը նշանակալիորեն կուժեղացնի Իսրայելի անվտանգությունը»,- ասել է նա:
Նա նշել է, որ համաձայնությունը նախատեսում է «ԱՄՆ պատմության մեջ ռազմական օգնության ամենախոշոր փաթեթը՝ տրված որևէ երկրի», և հաստատում է ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունների ամրությունը:
Այդ ձևով Նեթանյահուն պատասխանել է նախկին վարչապետ և պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի և ռազմական հետախուզության նախկին ղեկավար Ամոս Յադլինի քննադատությանը, որոնք հուշագրից դժգոհություն են արտահայտել այնտեղ տեղ գտած տարբեր սահմանափակումների պատճառով:
Սեպտեմբերի 14-ին ստորագրված համաձայնությունը ենթադրում է ԱՄՆ-ի կողմից Իսրայելին 38 միլիարդ դոլարի տրամադրում 2019-2028 թվականների ընթացքում:









































