«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի հովհաննիսյանը նամակով դիմել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլին՝ խնդրելով նրա միջնորդությունն ու գործողությունները «Ժառանգության» անդամների քրեական հետապնդման հետ կապված:
Նա, մասնավորապես, իր նամակում նշել է.
«Մեծարգո նախագահ Դոլ,
Մեր երեք ավագ անդամների (փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան, մամլո քարտուղար Դավիթ Սանասարյան և քաղաքացիական հասարակության հետ կապերի համակարգող Հովսեփ Խուրշուդյան) դեմ ներկայացված շինծու մեղադրանքները դեռևս չեն հանվել. նրանք տակավին ենթարկվում են քրեական հետապնդման:
Քաղաքացիական ակտիվիստներ Անդրիաս Ղուկասյանը և Կարո Եղնուկյանը շարունակում են ազատազրկված մնալ: Բազմաթիվ այլ խղճի բանտարկյալներ և խաղաղ ցուցարարներ մինչ օրս տառապում են:
Մենք հայցում ենք Ձեր միջնորդությունը, հորդորը և համապատասխան գործողությունները»:
Լուսանկարը՝ Photolure-ի









































