ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի մասնակիցները հավանություն են տալու արդի իրողություններին Համագործակցության ադապտացման փաստաթղթին: Այս մասին ասել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Էռլան Աբդիլդաևը՝ ելույթ ունենալով ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի Բիշքեկում ընթացող նիստում։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
«ԱՊՀ պետությունների ղեկավարների առաջիկա գագաթնաժողովին մենք ներկայացնում ենք նոր իրողություններին ԱՊՀ-ի ադապտացման վերաբերյալ որոշումները, որոնք մշակվել են տարվա ընթացքում: Առկա է այն բանի ընդհանուր ըմբռնումը, որ ԱՊՀ-ի մի շարք մարմինների աշխատակազմն անհրաժեշտ է կրճատել»,- ասել է նա:
ԱՊՀ երկրները պաշտպանել են արդի իրողություններին կազմակերպության ադապտացման վերաբերյալ ղրղզական կողմի առաջարկը, նշել է Աբդիլդաևը: «Մեր հանրապետության կողմից հանգամանալի և տքնաջան աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ: Մենք գոհ ենք, որ բոլոր կողմերը պաշտպանեցին ԱՊՀ-ի մի շարք լիազորություններ այնպիսի մարմինների պատվիրակելու նախաձեռնությունը, ինչպիսին են ԱԳ նախարարների խորհուրդը, ԱՊՀ-ի Տնտեսական խորհուրդը»,- հավելել է նա:
Ղրղզստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ ԱՊՀ-ի մարմինների գործունեության օպտիմալացումը կբերի կազմակերպությունը պահելու ծախսերի կրճատման և կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը: Նրա խոսքով՝ այդ հարցը կներկայացվի Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։











































