Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին հայտարարել է, որ վրացի զինծառայողների թիվը կմնա նույնը և չի գերազանցի 37.000-ը։
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին սեպտեմբերի 15-ին գումարել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում գտնվել է երկու հարց. Վրաստանի զինված ուժերի թվակազմի հաստատումն ու պաշտպանական գերատեսչությունում բարեփոխումների իրագործումը։
Իմերլիշվիլին հայտարարել է, որ զինված ուժերի թվակազմը մնում է նախկինի չափ, սակայն այդ 37.000-ի մեջ չեն մտնում ռեզերվն ու պատերազմի ժամանակվա զինծառայողները։
Նա հավելել է, որ այդ փաստաթուղթը բյուջեի նախագծի հետ կուղարկվի խորհրդարան։ Իմերլիշվիլին ընդգծել է, որ ԱԱԽ-ի նիստում քննարկվել է նաև պաշտպանական ռազմավարությունը, որը ներկայացրել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան։







































