Իրաքի բանակը ազատագրել է երկրի տարածքների կեսը, որոնք մինչև վերջին ժամանակներս օկուպացված են եղել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմից՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Էնթոնի Բլինկենը, որն այցով գտնվում է Բաղդադում։
«Իրաքյան ուժերը միջազգային կոալիցիայի աջակցությամբ ազատագրել են տարածքի մոտ 50 տոկոսը, որը նախկինում վերահսկվել է ԴԱԻՇ-ի կազմավորումների կողմից»,- Բլինկենի խոսքերն է մեջբերում «Ալ-Սումարիա» հեռուստաալիքը։
Քաղաքական գործիչը նաև հայտարարել է, որ իրաքցիներն աստիճանաբար վերադառնում են ազատագրված շրջաններ։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նշել է, որ Վաշինգտոնը հաստատակամորեն աջակցում է բարեփոխումների քաղաքականությանը, որն անցկացնում է վարչապետ Հեյդար Ալ-Աբադին, և կառավարական ուժերի պայքարը ԴԱԻՇ-ի դեմ։ «ԱՄՆ-ը աջակցում է ժողովրդավար, դաշնային և միասնական Իրաքին»,-հավելել է Բլինկենը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ մոտ ժամանակներս ԱՄՆ-ը Իրաքին կտրամադրի 181 մլն դոլար որպես մարդասիրական աջակցություն։








































