Սեպտեմբերի 10-ին Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկսկի շրջանում՝ Նովոռոսիյսկ-Կերչենսկի մայրուղում, վթարի է ենթարկվել բազմազավակ հայ ընտանիք: Այս մասին հայտնում է «Կրասնոդար Մեդիա» պարբերականը՝ հղում անելով Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:
«Մեքենան, որում 6 մարդ է եղել, մեծ արագությամբ բախվել է ավտոբուսի։ Hyundai Galloper մեքենայում եղել է 6-հոգանոց ընտանիք՝ ամուսիններն ու նրանց 4 երեխաները: Ընտանիքի հայրն ու 13-ամյա երեխան տեղում մահացել են, ընտանիքի մյուս անդամները լուրջ վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել»,- գրում է պարբերականը։
Ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով հետաքննություն է անցկացվում, իրավապահները հստակեցնում են վթարի հանգամանքները:










































