Լուրեր
Ամերիկահայերը նախագահական ընտրություններում պիտի աջակցեն Հիլարի Քլինթոնին. Ռիչարդ Կիրակոսյան
  • 21:15
  • 2016-09-13
  • Դիտումներ՝ *

Նոյեմբերի 8-ին կկայանա այս տարվա` 2016 թվականի ամենակարևոր և ուշագրավ քաղաքական իրադարձություններից մեկը աշխարհում` ԱՄՆ նախագահական ընտրությունները, որի ելքից շատ բան է կախված, մասնավորապես այն, թե ո՞վ կղեկավարի համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ առանցքային նշանակություն ունեցող այդ երկիրն առաջիկա տարիներին, և ինչպիսի՞ քաղաքականություն կվարի ԱՄՆ-ը առաջիկա 4 տարիներին:

Բայց ԱՄՆ ընտրությունները չափազանց կարևոր են ոչ միայն գլոբալ միջազգային քաղաքականության, այլև համահայկական խնդիրների, Հայաստանի արտաքին քաղաքականության և նույնիսկ Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացման տեսանկյունից, որովհետև ԱՄՆ-ը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է: Ամերիկայում ապրում են միլիոնավոր հայեր, և իր հերթին հայերի ձայնը կարևոր է նախագահի թեկնածուների համար: Թեկնածուները երկուսն են՝ Դոնալդ Թրամփը՝ Հանրապետական կուսակցությունից, և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որն առաջադրվել է Դեմոկրատական կուսակցության կողմից:

Այս թեմայի շուրջ մեր այսօրվա զրուցակիցն է քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, որը ծնվել և ապրել է Միացյալ Նահանգներում և շատ լավ գիտի ամերիկյան քաղաքականությունը:

Պարոն Կիրակոսյան, սկսենք հարցից, թե ովքե՞ր են նախագահի թեկնածուները` Դոնալդ Թրամփը՝ Հանրապետական կուսակցությունից և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ Դեմոկրատական կուսակցությունից: Ինչպե՞ս կբնութագրեք նրանց: Ձեր կարծիքով՝ նրանցից ո՞վ հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունի:

– Ի զարմանս ամերիկյան քաղաքական համակարգի ներկայացուցիչներից շատերի՝ պրոֆեսիոնալ գործարար և անլուրջ քաղաքական գործիչ Դոնալդ Թրամփը կարողացավ առաջադրվել որպես Հանրապետական կուսակցության թեկնածու: Շատերը երկար ժամանակ լուրջ չէին վերաբերվում նրան, և սա իրոք անակնկալ է, որ նա կարողացավ հաղթել պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների մի ամբողջ խմբի՝ ներառյալ Ջեբ Բուշին՝ նախկին նախագահի եղբորը: Այսօր՝ նոյեմբերի 8-ին ընդառաջ, շատ լուրջ մրցակցություն է գնում Հանրապետական կուսակցության թեկնածու Թրամփի և նախկին պետքարտուղար, նաև նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնի միջև: Սոցիալական հարցումների՝ երեկ հրապարակված տվյալների համաձայն` երկու թեկնածուները շատ մոտ են իրար հաղթելու հնարավորություններով, ինչը նշանակում է, որ այս ընտրությունների արդյունքներն առանձնահատուկ կարևոր են ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Հայաստանի և մեր տարածաշրջանի համար:

Ինչո՞վ եք բացատրում Թրամփի ֆենոմենը, ընդհանրապես ինչպե՞ս կարող է նմանատիպ մարդը դառնալ ԱՄՆի պես երկրի նախագահի հիմնական թեկնածու:

– Մի քանի հետաքրքիր ասպեկտներ կան: Նախ և առաջ, հեղափոխության միտում կա Հանրապետական կուսակցության ներսում, սկսվել է խիստ պահպանողական շարժում: Հետաքրքիր է նաև այն, որ Թրամփն իրականացնում է իր քարոզարշավը բացասական օրակարգի հիման վրա՝ ավելի քիչ խոսելով իր քաղաքականության մասին և ավելի շատ հարձակվելով հիմնված համակարգի վրա, շահարկելով տնտեսական ընդհանուր վատ վիճակը Միացյալ Նահանգներում, բայց նաև օգտագործելով ամերիկյան քաղաքականության ամենատգեղ կողմերը` նախապաշարմունք, ռասիզմ, քսենոֆոբիա: Ըստ էության, Թրամփը ցուցադրում է այն, ինչ այսօր տեսնում ենք Եվրոպայում՝ աջ ծայրահեղականության և նույնիսկ ֆաշիզմի ի հայտ գալը քաղաքականության մեջ:

Իսկ դեմոկրատների համար ակնհայտ առաջատարը Հիլարի Քլինթոնն է: Նա երկար ճանապարհ է անցել, և երկար ժամանակ սպասվում էր, որ հենց նա կլինի թեկնածուն: Բայց Հիլարի Քլինթոնը շատ բևեռացված կերպար է. մարդիկ կա՛մ սիրում են նրան, կա՛մ ատում, և գուցե նա չափից ավելի շատ է ասոցացվում իր ամուսնու նախագահության հետ:

Թե՛ Թրամփի, թե՛ Քլինթոնի տեսանկյունից՝ սա շատ էմոցիոնալ քարոզարշավ է:

Փաստորեն, կարող ենք ասել, որ այսպես ասած՝ թրամփիզմը շատ լուրջ քաղաքական միտում է դառնում ամերիկյան և եվրոպական քաղաքականության մեջ…

– Վատ իմաստով: Թրամփը ցուցադրում է ամերիկյան քաղաքականության վատագույն կողմերը՝ վախ, ատելություն, դժգոհություն: Սրան հակառակ՝ Հիլարի Քլինթոնի քարոզարշավը հիմնված է ավելի պոզիտիվ գաղափարների վրա: Ամեն դեպքում, ով էլ հաղթի նախագահական մրցավազքում, նա կորոշի Ամերիկայի հետագա խաղադրույքները: Եթե ընտրվի Հիլարի Քլինթոնը, շատ ամերիկացիներ հանգիստ շունչ կքաշեն, իսկ եթե Թրամփը հաղթի, շատ ամերիկացիներ մտավախության մեջ կընկնեն, թե ինչ է տեղի ունենալու դրանից հետո:

Բայց կարծես թե ֆավորիտը Հիլարի Քլինթոնն է, այդպես չէ՞:

– Ընդհանուր առմամբ՝ այո: Չնայած Թրամփի ժամանակավոր ժողովրդականությանը՝ Հիլարի Քլինթոնը շատ ավելի կայացած է և շատ ավելի պատասխանատու՝ որպես քաղաքական գործիչ: Այնուամենայնիվ, ոչ ոք չէր սպասում, որ Թրամփն այսքան հեռու կգնա: Թրամփն ունի հիմքեր Ամերիկայում ժողովրդականության շատ բարձր ու վտանգավոր մակարդակի համար: Սա նշանակում է, որ նույնիսկ եթե Քլինթոնն ընտրվի, նա ստիպված է լինելու առերեսվել հանրային լուրջ քննադատության Թրամփի աջակիցների կողմից: Շատ դժվար կլինի համախմբել, միավորել երկիրը:

Ի՞նչ փոփոխություններ կկրի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը հաջորդ նախագահի կառավարման տարիներին: Կարծում եք՝ էական տարբերություն կա՞ Թրամփի և Քլինթոնի արտաքին քաղաքականության միջև:

– Թրամփի վտանգը նրա քաղաքականության հետևանքներն են, վերադարձը պրոտեկցիոնիզմին տնտեսության և առևտրի ոլորտում, վերադարձը, ես կասեի, գոռոզ, ինքնահավան և սիրողական դիվանագիտությանը: Հենց արտաքին քաղաքականությունն է, որը կոնկրետ ազդեցություն ունի Հայաստանի և տարածաշրջանի վրա: Օրինակ, Թրամփն արդեն շատ սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի ղեկավարության հետ, բիզնեսով է զբաղվել Ալիևի վարչախմբի հետ Ադրբեջանում: Վտանգավորն այն է, որ նա չգիտի ո՛չ Հայաստանը, ո՛չ Լեռնային Ղարաբաղը և շատ սահմանափակ պատկերացումներ ունի Հարավային Կովկասի տարածաշրջանի մասին: Նրա միակ փորձը Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ գործ ունենալն է, ի տարբերություն Հիլարի Քլինթոնի, որը եղե՛լ է տարածաշրջանում՝ Թբիլիսիում, Բաքվում և Երևանում և շատ լավ գիտի Ղարաբաղյան հակամարտությունը: Նա շատ ավելի վստահելի է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համար: Թրամփի պարագայում վտանգ կա, որ կարող ենք տեսնել հակահայկական, ադրբեջանամետ միտում ամերիկյան քաղաքականության մեջ:

Այսպիսով, Թրամփը վտանգավոր է, որովհետև նա ունի ադրբեջանամետ կողմնորոշում և պատկերացում չունի՞ Հայաստանի մասին:

– Ոչ, նա վտանգավոր է ընդհանրապես, վտանգավոր է Միացյալ Նահանգների ապագայի համար, բայց նա սպառնալիք է նաև ավելի նեղ իմաստով, եթե նայենք կոնկրետ Հայաստանի համար հնարավոր ազդեցություններին: Նա վտանգավոր է ոչ միայն ադրբեջանամետ կողմնորոշման, այլև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Թուրքիայի հանդեպ սիրողական դիվանագիտությամբ: Թրամփի ընտրվելու դեպքում կարող ենք ասել, որ ավարտվել են ԱՄՆ-ի քաղաքականության կայունության վրա հույս դնելու ժամանակները:

Հիլարի Քլինթոնը լուրջ ներդրում է ունեցել հայ-թուրքական հաշտեցման գործընթացում, հետևաբար կարո՞ղ ենք սպասել առաջընթաց այս հարցում, եթե նա դառնա ԱՄՆ հաջորդ նախագահը:

– Կարող ենք և պետք է սպասենք երկու պատճառով. Քլինթոնը ոչ միայն ավելի լավ գիտի տարածաշրջանը, այլև ավելի հանձնառու է Ղարաբաղյան հիմնախնդրի արդար լուծմանը և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը: Որպես վկայություն իմ խոսքերի՝ հիշենք, որ հայ-թուրքական արձանագրությունների գործընթացի ժամանակ Քլինթոնն աշխատում էր Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի, ոչ թե Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ՝ ցույց տալով ԱՄՆ-ի հավատարմությունը Հայաստանի հետ հարաբերություններին:

Դեմոկրատական կուսակցությունը և մասնավորապես Հիլարի Քլինթոնը ավելի խոր հարաբերություններ ունեն ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունների և ամերիկահայ քվեարկողների հետ: Ուստի այո, մենք պիտի ակնկալենք հետագա առաջընթաց հայ-ամերիկյան հարաբերություններում Քլինթոնի նախագահության օրոք:

Ընտրությունների արդյունքներն ինչպե՞ս կազդեն ավելի գլոբալ խնդիրների, մասնավորապես՝ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների վրա: Կարծում եք՝ Միացյալ Նահանգներն ավելի կոշտ քաղաքականությո՞ւն կիրականացնի Ռուսաստանի հանդեպ, եթե Քլինթոնը հաղթի: Եվ ի՞նչ հարաբերություններ կունենան Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, եթե Թրամփը դառնա նախագահ:

– Տարբերությունը հետևյալն է. Քլինթոնը Ռուսաստանի հանդեպ ռազմավարական տեսլականի առումով հարգում է Ռուսաստանին, բայց միաժամանակ մարտահրավեր նետել Ռուսաստանի ագրեսիային կամ վատ պահվածքին: Ի տարբերություն Քլինթոնի՝ Թրամփը ռազմավարական տեսլական կամ մտածողություն չունի Ռուսաստանի վերաբերյալ, նա ողջունում է նախագահ Պուտինին՝ որպես իր անձնական ընկերոջ, և նույնիսկ չափազանցնում է նրանց ընկերությունը: Սա վտանգավոր հնարավորություն է Ռուսաստանի համար՝ շահագործելու Ամերիկայի թուլությունը Թրամփի նախագահության ընթացքում: Ռազմավարական հարաբերությունների իմաստով՝ հավանաբար նոր սցենար է առաջ գալիս. թույլ, աղքատ Ռուսաստանը գուցե ավելի վտանգավոր սպառնալիք լինի Արևմուտքի համար: Վիճակագրական վերջին տվյալները ցույց տվեցին, որ Ռուսաստանի նավթի հիմնադրամի, արտարժույթի պահուստները կտրուկ կրճատվել են: Սա կարող է նոր մարտահրավերի առաջ կանգնեցնել Ռուսաստանը և նախագահ Պուտինին՝ ավելի թուլացնելով և ավելի ագրեսիվ դարձնելով Ռուսաստանը: Սա է նոր Ռուսաստանը, որի հետ ԱՄՆ-ը ստիպված կլինի գործ ունենալ:

Պե՞տք է արդյոք սպասենք ավելի կոշտ քաղաքականություն Ռուսաստանի հանդեպ, եթե նախագահ դառնա Քլինթոնը:

– Այո, պետք է սպասենք, բայց տարբերությունը հարգանքի աստիճանն է, նկատի ունեմ՝ Քլինթոնն ու Պուտինը ունեն հարաբերություններ, և դա հիմնված է ընդհանուր մտահոգությունների որոշ ոլորտների վրա, լինի դա Սիրիան կամ Աֆղանստանը, բայց Հիլարի Քլինթոնի նախագահության դեպքում մաչոյական, կովբոյական վարքագիծն ավելի քիչ կլինի ամերիկյան քաղաքականության մեջ, Հիլարի Քլինթոնը Ջորջ Բուշը չէ՝ ագրեսիվ քաղաքականության իմաստով, և ոչ էլ Դոնալդ Թրամփի պես անխոհեմ է:

Ձեր կարծիքով՝ Միացյալ Նահանգները կփոխի՞ իր դիրքորոշումը Հարավային Կովկասի հանդեպ, եթե Հիլարի Քլինթոնը հաղթի, դադարելով այս տարածաշրջանը դիտարկել որպես ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների ենթակետ, ինչպես Դուք եք սիրում հաճախ նշել:

– Մարտահրավերն այն բանավեճն է, թե ինչու է ԱՄՆ պարտավոր ավելի մեծ ուշադրություն դարձնել Հարավային Կովկասին: Քլինթոնի նախագահության դեպքում դա շատ կենսունակ և հնարավոր փաստարկ է: Իրական մարտահրավերը Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համար ոչ թե Հայաստանը կամ Լեռնային Ղարաբաղն են, այլ Ադրբեջանը, քանի որ Միացյալ Նահանգները և ընդհանրապես Արևմուտքը շատ քիչ լծակներ ունեն Ադրբեջանի կառավարության վրա ազդելու համար: Կարող ենք միայն ասել, որ Ամերիկայի համբերությունը Ադրբեջանի կառավարության հանդեպ սպառվում է՝ անկախ նրանից, թե ով կդառնա ԱՄՆ նախագահը: Ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա ապրիլին, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները շփման գծում, բռնաճնշումները Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ. Միացյալ Նահանգներն արդեն հոգնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքականությունից: Սա պարտադիր չէ ընկալել որպես հայամետ դիրքորոշում, բայց սա ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգներն այլևս ցանկություն չունի հանդուրժելու Ադրբեջանի անկանխատեսելի պահվածքը: Սա նոր հնարավորություն է տալիս Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը աշխատելու համար:

Կարելի է ենթադրել, որ այս ընտրություններից հետո Միացյալ Նահանգներն ավելի ակտիվորեն կներգրավվի Ղարաբաղյան կարգավորման գործընթացին:

– Այո, եթե Քլինթոնը դառնա նախագահ: Մենք նաև պիտի ակնկալենք, որ Միացյալ Նահանգներն ավելի շատ կաջակցի Եվրամիության ներգրավմանը Ղարաբաղյան գործընթացին և տարածաշրջանի քաղաքականությանը, որը շատ ավելի ընդունելի է Ռուսաստանի համար, քան ԱՄՆ-ի մասնակցությունը: Միևնույն ժամանակ պիտի ակնկալենք, որ Միացյալ Նահանգների տեսակետը Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ավելի հավասարակշռված կլինի:

Կարծում եք, որ Քլինթոնը հետամուտ կլինի՞ հասնելու Ղարաբաղյան խնդրի լուծմանը կամ գոնե առաջընթացի կարգավորման հարցում:

– Ես համոզված չեմ, որ այսօր մենք պատրաստ ենք դրան, որովհետև դիվանագիտական գործընթացում առաջընթացի հասնելու հեռանկարն ավելի շատ կախված է Ադրբեջանից, քան Հայաստանից կամ Միացյալ Նահանգներից: Եկեք անկեղծ լինենք. Ադրբեջանն է խախտում զինադադարի համաձայնագիրը, սպանում զինվորների շփման գծում, ուստի շատ առումներով դա կախված է նրանից, թե ի՞նչ աստիճանի ճնշում կգործադրվի Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս թույլ տա դիվանագիտությանը աշխատել և նաև ամրապնդել հրադադարի ռեժիմը: Միացյալ Նահանգների և Արևմուտքի, ինչպես և Ռուսաստանի համար սա վերադարձ է դիվանագիտության հիմքերին:

Ամեն դեպքում Դուք կարծում եք, որ Ադրբեջանն ավելի մեծ ռազմավարական նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար՝ անկախ նրանից, թե ով է ԱՄՆ նախագահը:

– Եթե ավելի ուշադիր ուսումնասիրենք Ադրբեջանի դիվանագիտական ռազմավարությունը, այն ո՛չ դիվանագիտական է, ո՛չ էլ ռազմավարական: Ադրբեջանը հիմնված է մեկ առաջնային գործոնի՝ ռեժիմի գոյատևման, իշխանության պահպանման վրա: Ուզբեկստանի նախագահ Քարիմովի մահը, որն իշխանության ղեկին էր դեռ խորհրդային տարիներից, ևս ահազանգ է Ադրբեջանի նախագահ Ալիևի համար, որովհետև իշխանությունը ամեն գնով պահելու հարցն առաջնահերթություն դարձնելը ոչ միայն սահմանափակում է Ալիևի լեգիտիմությունը, այլև Ադրբեջանը կանգնեցնում է անկայունության նոր, վտանգավոր շրջանի առաջ:

Ինչպե՞ս են Քլինթոնն ու Թրամփը պայքարում ամերիկահայերի ձայնի համար, և որքանո՞վ է դա կարևոր նախագահի թեկնածուների համար:

– Դա շատ կարևոր է նաև աշխարհագրական իմաստով, քանի որ ամերիկահայ համայնքը կենտրոնացած է առանցքային նահանգներում՝ Կալիֆոռնիա, Միչիգան, Նյու Յորք, Ֆլորիդա, որոնք ունեն ընտրական (էլեկտորալ) մեծ ուժ: Այսպիսով, ամերիկահայ համայնքի քաղաքական ուժը ոչ միայն լոբբինգն է, այլև Ամերիկայի քաղաքական լանդշաֆտի աշխարհագրությունը: Այստեղ է, որ հայերի քվեն շատ կարևոր է:

Բայց եթե չեմ սխալվում, հայկական լոբբիստական կազմակերպությունները, օրինակ՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կամ Ամերիկայի հայկական համագումարը, առայժմ հստակ դիրքորոշում չեն հայտնել, թե ում են աջակցում նախագահական ընտրություններում:

– Արդեն ուշ է, կարծում եմ՝ արդեն պիտի դիրքորոշում հայտնեն: Եվ պարզ է, որ նրանք պիտի աջակցեն Հիլարի Քլինթոնին, որովհետև նա ավելի լավ նախագահ կլինի Հայաստանի, Միացյալ Նահանգների համար և նաև լավ է ամերիկահայ համայնքի քաղաքական ուժը ճիշտ օգտագործելու տեսանկյունից:

Իսկ ո՞ր հարցն է նրանց համար կարևոր այս համատեքստում:

Բնականաբար, Ցեղասպանության ճանաչման հարցն առաջնահերթություն է, բայց նաև կարևոր է Լեռնային Ղարաբաղի պաշտպանությունը և օժանդակումը, որը հիմնարար խնդիր է: Մտահոգության առարկա են նաև Հայաստանի ժողովրդավարության ապագան, մարդու իրավունքների վիճակը և տնտեսական զարգացումը:

Բայց մենք հիշում ենք, որ հայկական կազմակերպությունները չաջակցեցին որևէ թեկնածուի Բարաք Օբամայի վերընտրության ժամանակ:

– Շատերն էին հիասթափված նախագահ Օբամայի երկրորդ նախագահական ժամկետից, բայց այս հարցն ավելի շատ նրանց է հասցեագրված, որովհետև Հայաստանի Հանրապետության խնդիրները մի փոքր այլ են:

Պարոն Կիրակոսյան, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից բացի՝ կան այլ կարևոր խնդիրներ հայության և Հայաստանի համար: Ինչո՞ւ հայկական կազմակերպություններն իրենց հնարավոր աջակցությունը նախագահի թեկնածուներին չեն պայմանավորում Հայաստանի այլ առաջնահերթություններով, օրինակ՝ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծմամբ, հայ-ամերիկյան հարաբերություններով, Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական զարգացմանը ԱՄՆ-ի աջակցության հեռանկարով:

– Ես համաձայն եմ հարցադրմանը, բայց պիտի ասեմ, որ այդ հարցում փոփոխության միտում կա: Եթե հիշենք ապրիլյան իրադարձությունները, հետո հուլիսին Երևանում տեղի ունեցած իրադարձությունները, կարող ենք ասել, որ հայկական սփյուռքը սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Այնուամենայնիվ, մենք այնպես պիտի անենք, որ Հայաստանը դառնա ձգողականության ուժի կենտրոնը սփյուռքի համար: Մենք կամաց-կամաց հասնում ենք այդ նպատակին: Սփյուռքն ավելի շատ պիտի ներգրավվի Հայաստանի ներքին գործընթացներին՝ աջակցելով մեր ջանքերին կառուցելու ավելի ժողովրդավարական երկիր և ավելի արդար տնտեսական համակարգ: Տնտեսական զարգացում ասելով՝ նկատի ունեմ հեռացնել կոռուպցիա կոչվող քաղցկեղը և պայքարել օլիգարխիկ համակարգի դեմ:

Գիտեմ, որ Հայաստանը շատ փոքր երկիր է Միացյալ Նահանգների տեսանկյունից, բայց կարծում եք, որ Հայաստանը կարո՞ղ է ավելի մեծ ռազմավարական նշանակություն ունենալ ԱՄՆ-ի համար:

– Հայաստանն արդեն իսկ շատ կարևոր նշանակություն ունի: Հայաստանն այսօր ավելի մեծ ռազմավարական նշանակություն ունի, քան նախկինում՝ հաշվի առնելով այն, որ Իրանը բացվում է աշխարհի համար, հաշվի առնելով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները: Հայաստանը կարևոր է նաև այն պատճառով, որ ավելի կայուն երկիր է, քան իր հարևան երկրները, և միակ երկիրն է ստատուս քվոյի կայունության առումով: Այս իմաստով՝ Հայաստանը որևէ վտանգ չի ներկայացնում իր հարևաններին՝ ի տարբերություն այս տարածաշրջանի մյուս երկրների: Միևնույն ժամանակ, Հայաստանի ռազմական առավելությունը հիմնված է պաշտպանության, ոչ թե հարձակման վրա: Սա ավելի շատ պիտի գնահատվի:

  • Դիտումներ՝ *