Դանիացի ու գերմանացի գիտնականների հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ ինքնակենսագրական հիշողություն ունի ոչ միայն մարդը:
Հետազոտողներին հաջողվել էր ցույց տալ, որ անցած իրադարձությունների մասին հիշողությունը մարդու և շիմպանզեների ու օրանգուտանների մոտ նման է: Այս մասին հայտնում է Science Now-ն:
Հետազոտողները անցկացրել էին մի շարք երկարաժամկետ փորձեր: Նախ՝ նրանք բանաններ էին տեղադրել այնպիսի վայրերում, որտեղից դրանք հնարավոր էր հանել միայն երկար փայտի միջոցով: Այնուհետև փայտերը կապիկների աչքի առջև թաքցրել էին, սակայն վերջիններս կարողացել էին գտնել երկար փայտերն ու հանել բանանները:
Երկրորդ անգամ նույն փորձը նրանք կրկնել էին 1 տարի անց: Կապիկները նույնությամբ, բայց ավելի արագ էին կատարել նույն փորձը:
Ինքնակենսագրական հիշողությունը հոգեբանության մեջ անվանում են անցած իրադարձությունների մասին հիշողություն , որը ձևավորվում է որպես էպիզոդների հերթագայություն:
Երկար ժամանակ գիտնականները համոզված էին, որ մարդը ինքնակենսագրական հիշողություն ունեցող միակ էակն է, իսկ մյուս տեսակները ի վիճակի են ձևավորել հասարակ ասոցիացիաներ: