Ինչպես քիչ առաջ հաղորդել է Reuters գործակալությունը, առաջիկա մեկ օրվա ընթացքում Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը և ընդդիմությունը կստորագրեն համաձայնագիր, որով կամրագրվեն Ալի Աբդալլահ Սալեհի հրաժարականի պայմանները: Համաձայնագրի ստորագրումը հնարավոր է դարձել միայն ԱՄՆ-ի և Եվրոպայի միջամտությամբ:
«Ամերիկայի, Եվրոպայի և Պարսից ծոցի միջամտությունից հետո նախագահը համաձայնել է առաջարկի հետ, որում արված են չնչին փոփոխություններ, իսկ ստորագրումը նախատեսված է այսօր»,- գործակալությանն ասել է ընդդիմության ներկայացուցիչը:
Առաջարկը, որի մասին խոսել է ընդդիմության ներկայացուցիչը, վերաբերում է Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի կողմից ներկայացված ներեմենյան կարգավորման նախագծին, որով Եմենի նախագահը, համաձայնագիրը ստորագրելուց հետո, հրաժարականի դիմում է ներկայացնելու` ստանալով անձնական անվտանգության երաշխիքներ, իսկ ընդդիմությունը հնարավորություն է ստանալու ձևավորել կառավարություն և երկիրը նախապատրաստել ընտրությունների: