ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խոսեց սիրիական հակամարտության, թուրքական զինուժի ռազմական ներխուժման, քրդական խնդրի, ռուս-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հիմնախնդրի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունների վերջին զարգացման մասին:
Թուրքական զինուժի կողմից օգոստոսի 24-ից սկսված գործողությունները Սիրիայում արդյո՞ք համաձայնեցված էին միջազգային կարևոր խաղացողների հետ, որոնք ներգրաված են հակամարտության մեջ, թե՞ ոչ, և ի՞նչ հեռահար նպատակներ ունի Թուրքիան Սիրիայում. այս հարցերին ի պատասխան՝ թուրքագետը նշեց, որ Թուրքիայի գործողություններն, անտարակույս համաձայնեցված էին և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի հետ, և Թուրքիան ստացել էր մասնավորապես ԱՄՆ-ի «դաբրոն»:
«Թուրքիան այդ թույլտվությունը փոքր գործողության համար էր ստացել, բայց իրականում Թուրքիայի նպատակները շատ ավելի հեռահար են, նպատակ ունի ոչ միայն հարված հասցնել ԻՊ-ին, այլ առաջին հերթին նպատակը Սիրիայի հյուսիսում ստեղծվող քրդական ինքնավարությունները իրարից հեռու պահելը և նրանց միավորվելու հնարավություն չտալն է: Սրանք ակնհայտ նպատականերն են: Թուրքիան ունի նաև ռազմավարական խնդիրներ՝ թույլ չտալ, որպեսզի Սիրիան վերականգնվի որպես միասնական պետություն և չդառնա իր ռազմավարական մրցակիցը»,- այս տեսակետը հայտնեց Ռ. Սաֆրաստյանը:
Թուրքագետը ռուս-թուրքական հարաբերությունները աշխարհառազմավարական տեսակետից բնութագրում է որպես զինադադար. «Այսինքն՝ մնում են որպես հակառակորդներ, բայց չեն կրակում իրար վրա և փորձում են օգուտներ ստանալ զինադադարից»:
Անդրադառնալով հարցին, թե Ղարաբաղյան հակամարտության հարցում Ռուսաստանը և Թուրքիան արդյո՞ք հակադիր դիրքորոշումներ ունեն, Ռ. Սաֆրաստյանը նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և որպես միջնորդ երկիր չի կարող արտահայտված կողմնապահ քաղաքականություն ունենալ, իսկ Թուրքիան բացահայտ կերպով պաշտպանում է Ադրբեջանին՝ բացարձակ հաշվի չառնելով Հայաստանի շահերը. սա նշանակում է, որ Թուրքիան և Ռուսաստանը այս հարցում հակադիր մոտեցումներ ունեն:
Մանրամասները՝ տեսանյութում:










































