ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը ամերիկացի ընտրողների շրջանում պահպանում է ժողովրդականության առաջատարությունն իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից։ Այս մասին հայտնում է USA Today պարբերականը, որը Սաֆոլկի համալսարանի սոցիոլոգների հետ պարզել է ԱՄՆ քաղաքացիների վերաբերմունքը երկու քաղաքական գործիչների հանդեպ։
Հաղորդվում է, որ Քլինթոնի օգտին նոյեմբերին պատրաստ է քվեարկել հարցվածների 42 տոկոսը։ Թրամփին մտադիր է աջակցել հարցվածների 35 տոկոսը։ Լիբերտարիանական կուսակցության թեկնածու Գերի Ջոնսոնին աջակցում է հարցվածների 9 տոկոսը, իսկ «Կանաչների» թեկնածու Ջիլ Սթեյնին՝ ընդամենը 4 տոկոսը։ Դեռևս 10 տոկոսը չի կողմնորոշվել ընտրության հարցում։ Այսպիսով՝ նախկին պետքարտուղարը միլիարդատիրոջից ժողովրդականությամբ առաջ է 7 տոկոսով։
Նշվում է Քլինթոնի մեծ ժողովրդականությունը հատկապես կին ընտրողների շրջանում։ Նախկին առաջին տիկնոջն աջակցում է երկրում կանանց 54 տոկոսը, մինչդեռ այդ ցուցանիշը Թրամփի մոտ կազմում է 38 տոկոս։ Նախկին պետքարտուղարը մեծ ժողովրդականություն է վայելում փոքրամասնությունների մոտ՝ 92 տոկոս՝ աֆրոամերիկացիների և 65 տոկոս՝ լատինաամերիկացիների շրջանում։ Թրամփի աջակցությունը նրանց շրջանում չափազանց քիչ է՝ համապատասխանաբար 4 և 24 տոկոս։









































