Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի պաշտոնանկությունը կապված է նրա աշխատանքից երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի դժգոհության հետ:
Հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո արած հայտարարություններից մեկում Ալան ընդգծել էր, որ երկրի հետախուզության 7000 աշխատակիցներից մոտ 6500-ը Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման համակիրներ են:
Ալայի այդ հայտարարությունը չափազանց բացասաբար է ընդունվել Թուրքիայի կառավարության կողմից: Թերթի տվյալներով՝ Ալայի հրաժարականի մեկ այլ պատճառ է այն, որ ռազմական հեղաշրջման փորձի օրն անհնար է եղել նրա հետ կապ հաստատել:
Թերթը նշում է, որ այդ օրն Ալան գտնվել է Էրզրումի նահանգում և ոչ թե Անկարայում: Ադրբեջանական մամուլն էլ իր հերթին ուշադրություն է հրավիրել, որ Ալայի պաշտոնանկությունը տեղի է ունեցել Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովի հետ հանդիպումից անմիջապես անց:









































