ՌԴ օմբուդսմեն Վլադիմիր Լուկինը մինչ այժմ չի արձագանքել ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի նամակին, որով վերջինս խնդրել էր պարզել ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հանդեպ ստորացուցիչ վերաբերմունքի և կանացի խալաթով ՌԴ դատարան ներկայացնելու պատճառը, ինչպես նաև, իր լիազորությունների շրջանակներում նախաձեռնել գործողություններ՝ ուղղված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին օգնություն տրամադրելուն և տեղեկացնել արդյունքների մասին:
«Առայժմ որևէ պատասխան չկա: Մեզ մոտից կապվել են իրենց հետ, պարզել են, որ նամակը ստացվել է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետ Նոռա Ալահվերդյանը: Տեղեկություն չկա նաև, թե ՌԴ ՄԻՊ ներկայացուցիչները փորձե՞լ են տեսակցել դատարանում ստորացված հայ մեղադրյալին, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ այն բանից հետ, երբ երեկ ու այսօր «Ֆեյսբուքը» պայթում էր Պոդոլսկի խոշոր վթարի հետևանքով ձերբակալված Հայաստանի 46-ամյա քաղաքացի Հրաչյա Հարությունյանին կնոջ խալաթով դատարան բերելու և նրան շոկային վիճակում լրատվամիջոցների կողմից հարցեր տալու ՌԴ-ի կողմից կատարված անմարդկային արարքի հանդեպ զայրույթ ու զարմանք արտահայտող գրառումներից ու քննարկումներից, ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը նամակով դիմեց ՌԴ ՄԻՊ Լուկինին` խնդրելով պարզել ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հանդեպ ստորացուցիչ վերաբերմունքի և նման տեսքով ՌԴ դատարան ներկայացնելու պատճառը:








































