Թեհրանի առևտրաարդյունաբերական պալատը և Իրան-Հայաստան առևտրական պալատը Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ անցկացրին Հայաստան-Իրան գործարար համաժողով:
Տնտեսական, տեխնոլոգիական և մշակութային հարաբերություններն ընդլայնելու նպատակով Թեհրանի Առևտրաարդյունաբերական պալատի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր:
Ելույթով հանդես եկան Թեհրանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Յահլա Ալե- Էսհաղը, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը, Արաս Ազատ Առևտրի և արդյունաբերական գոտու նախագահ Սադեղ Նաջաֆի Խազերլուն:
Իր ելույթում Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը հիշեցրեց, որ 92թ. փետրվարի 9-ին երկու երկրների միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերությունների ձևավորման, ամրապնդման հռչակագիր, որով երկու հարևան պետությունների միջև դրվել է երկարատև և ամուր հարաբերությունների զարգացման սկիզբը:
«Հայ-իրանական տնտեսական հարաբերություններն ունեն շատ մեծ ներուժ, որի միայն շատ փոքր մասն ենք մենք իրացրել: Այս համաժողովը հերթական քայլն է մեր երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների առաջմղման, ամրապնդման, նոր ոլորտներում համագործակցության ձևավորման»,- նշեց Արա Պետրոսյանը:
Իրանից ժամանած գործարար պատվիրակության կազմում ընդգրկված են տնտեսական և արդյունաբերական ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ արդյունաբերության ոլորտի մոտ 60 ընկերություն ՝ մսամթերքի արտադրություն, էլեկտրասարքավորումների փորձարկում և ստուգում, պոլիէթիլենային սարքավորումների և կաղապարների արտադրություն, ճենապակյա անոթների արտադրություն, մոլիբդեն ածանցյալների արտադրություն, պլաստմասսե նյութերի առևտուր, երկաթյա խողովակների և միացումների պաշտպանության համակարգեր, հոսանքի մալուխ, ապահովագրական ծառայություններ, բույսերի արտադրություն, արդյունաբերություն, գյուղատնտեսության և հանքային արտադրանքների զարգացում և այլն:
Թեհրանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Յահլա Ալե-Էսհաղն էլ նշեց, որ հայ-իրանական հարաբերությունները հին պատմություն ունեն: Նրա ձևակերպմամբ՝ տնտեսական տեսանկյունից Իրանը և Հայաստանն ունեն համագործակցելու լավ հնարավորություն:
«Իրանից Հայաստան ցամաքային ճանապարհն ընդամենը մի քանի ժամ է: Եվ այդ շուկան համարվում է 75 միլիոնանոց մեծ շուկա, որն ունի մեծ հնարավորություններ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ներդրումների, արդյունաբերության, գյուղատնտեսության, անգամ մշակութային, բուհական համագործակցության, տարանցման, բանկային համագործակցության և բազմաթիվ այլ ոլորտներում: Մեր կողմից էլ կա համագործակցելու այդ հետաքրքրությունը»,- ասաց Յահլա Ալե-Էսհաղը:
Հիշեցնենք, որ 2011թ. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առևտրաշրջանառությունը կազմել է 323 մլն դոլար, իսկ 2012թ.՝ 317.7 մլն դոլար: 2011թ. Հայաստանից Իրան արտահանման ծավալը կազմել է 106.3 մլն դոլար, իսկ 2012 թ.՝ 97.8 մլն դոլար: 2011-ին Իրանից Հայաստան ներմուծման ծավալը կազմել է 2016.8 մլն դոլար, իսկ 2012-ին՝ 219.9 մլն դոլար:









































