Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Մոսկվան հետևում է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի գործողությանը և կոչ է անում այն համաձայնեցնել սիրիական իշխանությունների հետ:
«Մենք ուշադիր հետևում ենք Սիրիայի հյուսիսում թուրքական զինված ուժերի գործողություններին: Անկասկած, մենք կիսում ենք Թուրքիայի Հանրապետության ձգտումը՝ պայքար մղելու միջազգային չարիք ԴԱԻՇ-ի դեմ, սակայն կցանկանայինք դրա հետ մեկտեղ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ անհրաժեշտ է հետևել միջազգային իրավունքին և ինքնիշխան երկրի տարածքում ռազմական յուրաքանչյուր գործողություն համաձայնեցնել այդ երկրի օրինական կառավարության հետ»,- ասել է Զախարովան:
Նա նաև կոչ է արել չհարվածել Սիրիայի քրդերի դիրքերին. «Թուրք գործընկերներին կոչ ենք անում ընտրողաբար մոտենալ թիրախների ընտրությանը՝ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար, և խուսափել ընդդիմադիր ու էթնիկ խմբերի, ներառյալ նաև Սիրիայի քրդերի կենտրոնացման վայրերին հարվածներ հասցնելուց, որոնք նույնպես պայքարում են ԴԱԻՇ-ի դեմ»:










































