Ինչպես արդեն գիտեք, ՈՒԵՖԱ-ն հրապարակել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ցուցակը: Հետսովետական տարածության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի՝ Անդրեյ Շևչենկոյի կարծիքով մրցանակը պետք է ստանա «Բավարիա»-ի խաղացողներից որևէ մեկը:
«Իմ կարծիքով՝ մրցանակին ավելի շատ արժանի են «Բավարիա»-ի ֆուտբոլիստները: Անցած մրցաշրջանում մյունխենյան թիմը գերազանցել է իր բոլոր մրցակիցներին: Ինձ դուր է գալիս «Բավարիա»-ի կիսապաշտպաններ Ֆրանկ Ռիբերիի և Արիեն Ռոբենի ցուցադրած խաղը: Կցանկանայի «Ոսկե գնդակ»-ը կիսել այդ երկու ֆուտբոլիստների միջև: Չնայած կարող եմ առանձնացնել նաև Բաստիան Շվայնշտայգերին և Թոմաս Մյուլլերին»,- նշել է Շևչենկոն:
Հիշեցնենք, որ բացի «Բավարիա»-ի 4 ֆուտբոլիստերից ՈՒԵՖԱ-ի մրցանակը կարող են ստանալ նաև Գարետ Բեյլը («Տոտենհեմ», Ուելսի հավաքական), Ռոբին վան Պերսին («Մանչեսթեր Յունայթեդ», Հոլանդիայի հավաքական), Լիոնել Մեսսին («Բարսելոնա», Արգենտինայի հավաքական), Զլատան Իբրահիմովիչը (ՊՍԺ, Շվեդիայի հավաքական), Քրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ», Պորտուգալիայի հավաքական) և Ռոբերտ Լևանդովսկին («Բորուսիա», Լեհաստանի հավաքական):









































