ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց 2011-2013թթ. ընթացքում անցկացված գիտական ծրագրերի մասին: Նա նշեց, որ այս տարիները գիտական ծրագրերի համար բեղմնավոր էին, հատկապես ընթացիկ տարում պետությունն ավելի շատ ֆինանսական միջոցներ է հատկացրել՝ բարձրացնելով ծրագրերի որակը: Նախկինում ֆինանսավորվող 700-ից ավելի ծրագրերը կրճատվել, որակապես փոփոխվել են՝ դառնալով 130, որոնք կյանքի կոչելու համար պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 570 մլն դրամ:
2011-2013թթ. ֆինանսավորվել է 360-ից ավելի գիտական գործուղում, ձեռք են բերվել մոտ 206 մլն դրամի սարքեր և սարքավորումներ, այդ թվում նաև՝ համակարգչային տեխնիկա: Կատարվել են 1458 հրապարակումներ, այդ թվում՝ ամսագրերում տպագրվել են 758 հոդվածներ, 642 գիտաժողովի նյութեր, տպագրման են ներկայացվել ևս 58 հոդվածներ:
Բանախոսն ասաց, որ ընթացիկ մրցույթների շարքում Գիտության պետական կոմիտեն միաժամանակ հայտարարել է 4 մրցույթ՝ 3 միջազգային և 1 ներպետական:
Միջազգային մրցույթներից մեկն անցկացվելու է Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի հետ՝ գիտական հետազոտությունների ոլորտում երկկողմ փոխգործակցության ծրագրի շրջանակներում: Երկրորդը ԼՂՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ՝ «Արցախի գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթն է՝ բնական գիտությունների բնագավառում: Մրցույթի արդյունքում մինչև 2 տարի տևողությամբ դրամաշնորհներ կտրամադրվեն 3-4 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի, որոնցում գիտական խորհրդատուն պետք է լինի ՀՀ մշտական բնակիչ, իսկ խմբի մյուս անդամները՝ ԼՂՀ մշտական բնակիչներ, և դրամաշնորհի իրականացման ընթացքում բնակվեն այնտեղ:
Անցկացվելու է նաև ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամի հետ գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցման մրցույթ, որն իրականացվում է 2011 թվականի փետրվարի 18-ին կնքված «Համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում:
Պրն Հարությունյանն ասաց նաև, որ կոմիտեն փորձում է նման կերպ աջակցել երիտասարդ գիտնականներին՝ լավագույններն անպայման հովանավորվում են:










































