Այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, ընդունելության քննություններն անցան առանց ավելորդ լարվածության, առանց դիմորդների կողմից լուրջ քննադատության: Սակայն, եթե 2012-ին շուրջ 12.000 դիմորդ ընդունվեց Հայաստանի պետական տարբեր բուհեր, այս տարի նրանց թիվը նվազել է շուրջ հազարով:
Անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքներն ամփոփվել են: 15,000 քննություն տվողներից 13,100 են դիմորդներ: Գիտության և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի մեկնաբանմամբ՝ մնացած 2100-ը արդյունքները պահպանում են կամ հեռակայի, կամ Սլավոնական, Ֆրանսիական և այլ համալսարանների համար, որոնք ԳԹԿ շրջանակներում չեն: 13,000 դիմորդից ընդունվել է մոտ 10.500-ը, մոտ 700 պոտենցիալ ընդունվողներ էլ կլինեն, որոնք հուլիսի 16-20-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին` թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ: Ա. Իսպիրյանը նշեց, որ վերջնական արդյունքները կհայտարարեն լրացուցիչ փուլի ավարտից հետո:
Այս տարի տնտեսագիտական, օտար լեզու, կենսաբանություն, աշխարհագրություն առարկաների արդյունքները նախորդ տարիների համեմատությամբ բարձր էին մոտ երկու միավորով, բայց հնարավոր է բաժիններ լինեն, որ խտության հետ կապված լինեն, կապ չունի նախորդ տարվա հետ: Ըստ Ա. Իսպիրյանի` այս տարի դիմորդները մի քիչ ավելի շատ են եղել, բայց մենք շատ տարբերություն չունենք, հիմնականում մի քիչ բարձրացել են Բժշկական համալսարանի միավորները՝ անվճար 39,75 միավորն է, վճարովի՝ 28,75-ը:
Այս տարի Բժշկական համալսարանում միավորների բարձրացումը նա պայմանավորեց կենսաբանություն առարկայի արդյունքներով: 150-ից ավելի դիմորդ 20 միավոր է ստացել կենսաբանությունից, ինչը, ըստ նրա, պայմանավորված է բազայի նոր և ոչ այնքան շատ լինելու հետ` ի տարբերություն հայոց լեզու և մաթեմատիկա առարկաների, որոնց շտեմարանները երկու տարի է կան, և որոնց բազան 7000-ից անցնում է: Եկող տարի, սակայն, արդեն կկանոնակարգվի, և առաջադրանքների տիպն ու տեսակը կփոփոխվեն, արդեն իսկ X-ով առաջադրանքների փոխարեն կառաջարկվեն ինչ-որ մասով փոխել կարճ կամ պնդումների փունջ առաջադրանքներով: «Շտեմարանների առկայության դեպքում մենք ակնկալում էինք արդյունքների բարձրացում: Մեր կողմից կլինեն վերլուծություններ, մենք մյուս տարի կառաջարկենք կառուցվածքային փոփոխություններ, կարճ պատասխաններ, այլ տիպի առաջադրանքներ նույնպես կընդգրկվեն շտեմարաններում, որպեսզի ավելի շատ ոչ թե անգիր անելու խնդիրը լինի, այլ լուծելու և կարողանալու»,-ասաց Ա. Իսպիրյանը:
Այս տարի էլ տարբեր բուհերում կան թափուր մնացած բաժիններ: Թափուր չեն մնացել միայն ԵՊՏՀ-ի բաժինները և Բժշկական համալսարանի երևանյան մասնաճյուղի բաժինները (մարզերի մասնաճյուղերում կան թափուր տեղեր), բայց գրեթե 300 թափուր տեղ կա ԵՊՀ-ի ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, մեխանիկա, մաթեմատիկա բաժիններում, ԵՊՄՀ-ում, Ագրարային համալսարանում: «Վաղը մեր կայքում արդեն կհրապարակենք բոլոր թափուր տեղերը: Մենք ունենք երկրորդ մրցութային փուլ՝ 16-20-ը, և բոլոր այն դիմորդները, որոնք ինչ-որ առարկաներից անբավարար ստանալու պատճառով կամ ցածր միավորների պատճառով մրցույթին մասնակցել և ոչ մի տեղ չեն ընդունվել, վաղը կարող են ծանոթանալ բուհերի թափուր տեղերին, և եթե ունեն դրական գնահատական, վաղվանից կարող են դիմում լրացնել և այդ թափուր տեղերին դիմել»,- տեղեկացրեց Ա. Իսպիրյանը:
Այս տարի, նախորդ տարվա նման, անցողիկ միավորը, ըստ հաստատված կարգի, համարվում է 7,5-ը, սակայն սա չի նշանակում, որ առարկաներից մեկից 7 միավոր ստացողը որևէ հնարավորություն չունի դիմել լրացուցիչ փուլին: Եթե որևէ առարկայից գոնե 7,5 միավոր ստացել է դիմորդը, ապա հնարավորություն ունի մասնակցելու մյուս առարկաների միավորներով, իսկ համապատասխան առարկայի միավորներն էլ կարող է բերել դպրոցից:
Այս տարի բողոքարկումներ շատ չեն գրանցվել: Ա. Իսպիրյանի խոսքով՝ եթե բովանդակային բողոքարկումներ չկային և ոչ մի առարկայից, ապա կային տեխնիկական տիպի բողոքարկումներ տարբեր առարկաներից: «Ամենաշատ տեխնիկական բողոքարկումներ ունեցանք մաթեմատիկա առարկայից և ֆիզիկայից, բնականաբար այդպես էլ ակնկալվում էր, թվերը և իքսերը չճանաչելու խնդիրն էր, այսինքն` երեխան մեկ է գրել յոթի նման, որոնք արագ լուծվում էին հօգուտ երեխաների»,- ասաց նա:
ԳԹԿ-ն շատ է ստացել խնդրանք-դիմումներ, որ երեխան լավ չի զգացել քննության ընթացքում, խնդրում են թույլ տալ երկրորդ անգամ մասնակցել, բայց բոլոր դիմումները և բողոքները մերժվել են, քանի որ, ըստ օրենքով սահմանված կարգի, երեխան մեկ անգամ իրավունք ունի քննություն հանձնելու:
Ընդհանուր համամասնության առումով, ըստ Ա. Իսպիրյանի, գրեթե ոչինչ չի փոխվել, իրավաբանականը, տնտեսագիտականը շարունակում են մնալ պահանջված բաժիններ, ինչպես նաև Բժշկական համալսարանի մի քանի մասնագիտություններ՝ բուժական գործ, ստոմատոլոգիա, մյուս բոլոր բուհերի մի քանի մասնագիտություններ են պահանջարկված մնում՝ ՀՊՃՀ-ում հաշվողական տեխնիկա, Համալսարանում՝ կիրառական մաթեմատիկա, միջազգային հարաբերություններ, Լեզվաբանական համալսարանում` լեզվաբանություն, մինչդեռ քսանական տեղերով թափուր են մնացել ֆիզիկա, մեխանիկա, քիմիա, կենսաքիմիա բաժինները, ՀՊՄՀ-ից` սոցիալական մանկավարժություն բաժինը, քիմիան, կենսաբանությունը և այլն: ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում արդեն քանի տարի է՝ անվճար տեղեր չկան, անցողիկ միավորը 54.25-ն է, միջազգային հարաբերություններում, որտեղ ևս անվճար տեղեր չկան, անցողիկ միավորը 52.25-ն է:
Ա. Իսպիրյանը նկատեց, որ այս տարի լարվածություն չկա, կարծես բոլորը գոհ են:
Լուսանկարը՝ Photolure-ի










































