Ռուսական «Վեստի» լրատվական հաղորդումը Հայաստանի այցելուների համար համացանցում փակել է ստորացուցիչ տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես են հուլիսի 13-ին Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով ձերբակալված Հայաստանի 46-ամյա քաղաքացի Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով դատարան բերել և նրան շոկային վիճակում լրատվամիջոցների կողմից հարցեր տալիս: Տեսագրությունը դիտելու փորձի ժամանակ գրվում է, որ այն թույլատրելի չէ Հայաստանի տարածքում:
Միևնույն ժամանակ երեկ գիշերվանից հայաստանյան «Ֆեյսբուքը» պայթում է ՌԴ-ի կողմից կատարված անմարդկային արարքի հանդեպ զայրույթ ու զարմանք արտահայտող գրառումներից ու քննարկումներից: Այլ հարց է, որ Հայաստանի ՄԻՊ-ը քայլ չի ձեռնարկել իր երկրի քաղաքացու հանդեպ ստորացուցիչ վերաբերմունքը դատապարտելու համար:
Հիշեցնենք, որ վթարի հետևանքով զոհվել է 18 մարդ, այդ թվում նաև՝ 8-10 տարեկան մի երեխա, 42 մարդ մարմնական վնասվածքներ են ստացել: Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ չկառավարվող «Կամազ» մակնիշի բեռնատարը բախվել է ուղևորատար ավտոբուսին և երկու մասի բաժանել այն: Տուժածները տեղափոխվել են մոսկովյան և Պոդոլսկի հիվանդանոցներ:






































