Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Քրջի բազարի» մի խումբ առևտրականներ բողոքի ակցիաներ էին անցկացնում, քանի որ որոշվել էր, որ նրանց մի մասը հնարավոր է այսուհետ առևտուրն իրականացնի Վերնիսաժի տարածքում: Նրանք դեմ էին հատկապես այն հանգամանքին, որ այդ որոշումը ոչ բոլորի համար էր, ուզում էին առևտուրն անել միասին՝ նույն վայրում, և դեմ էին առհասարակ իրենց տարածքից տեղափոխվելուն: Նշենք, որ Վերնիսաժում առևտուր իրականացնող անձինք ևս այս կապակցությամբ իրենց դժգոհությունն էին հայտնել, քանզի կարծում էին, որ այդպիսով ընկնում է իրենց ապրանքի որակը:
Երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Գևորգյանը նշեց, որ խնդիրն արդեն լուծված է․«Որոշվել է, որ նրանց պետք է տեղափոխել իրենց հին վայրի դիմացի փողոց: Հաշվի է առնվել և՛ նրանց, և՛ Վերնիսաժում նկարիչների բողոքը և որոշվել է պարզապես «Քրջի բազարի» առևտրականներին տեղափոխել իրենց նախկին վայրի դիմացի փողոց:
Իր հերթին «Քրջի բազարի» առևտրականներից Սամվել Սիմոնյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այն տարածքը, որ տրամադրել են իրենց, անձրևից կարող է ջրասույզ լինել․ «Սա պետությո՞ւն է, էս ի՞նչ են անում մեզ հետ։ Այնտեղ, որտեղ տեղափոխել են բնակիչներն են բողոքում՝ չեն ուզում այնտեղ առևտուր անենք, մի մասին էլ տարածք չի տրամադրվել: Ես, օրինակ, դուրս եմ մնացել, շաբաթ օրը գնացի Վերնիսաժ, բայց ոստիկաններն ինձ քշեցին, չթողեցին այնտեղ առևտուր անեմ, հիմա ես չգիտեմ՝ սրա վերջն ի՞նչ է լինելու: Բնակիչների վրա էլ քաղաքապետարանն է ճնշում գործադրել, բայց մարդիկ համաձայն չեն»:





































