Բանգլադեշում դատարանը 90-ամյա իսլամիստ Գուլամ Ազամին դատապարտել է 90 տարվա ազատազրկման 40 տարի վաղեմության ռազմական հանցագործության համար: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ազամը ղեկավարել է Բանգլադեշի գլխավոր իսլամիստական Jamaat-e-Islami կուսակցությունը 1969-2000 թվականներին: Դատավճռի դեմ կուսակցության կողմնակիցները Դաքքայի փողոցներում անկարգություններ են հրահրել, բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ:
Քաղաքական գործչին մեղավոր են ճանաչել 5 կետով, որոնք վերաբերում են 1971 թվականին Պակիստանից Բանգլադեշի անկախացման համար պատերազմի ժամանակաշրջանին:
Դատարանը կարծում է, որ Ազամն արժանի է մահապատժի, սակայն հաշվի առնելով ամբաստանյալի պատկառելի տարիքը, այն փոխարինել են տևական ժամկետով ազատազրկմամբ:









































