Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական SOCAR պետական ընկերությունը դրական արդյունքներ է ակնկալում Ադրբեջանի տարածքով թուրքմենական գազի տարանցման վերաբերյալ անցկացվող բանակցություններից:
Այդ մասին Էներգետիկայի էկոնոմիկայի միջազգային ասոցիացիայի (IAEE) Եվրասիական առաջին համաժողովի ժամանակ հայտարարել է SOCAR-ի առաջին փոխնախագահ Հոշբախտ Յուսիֆզադեն:
Նրա խոսքով՝ Թուրքմենստանին շահավետ է միանալ ադրբեջանական խողովակաշարային ենթակառուցվածքին՝ իր գազի տարանցման համար: «Մենք խողովակաշարեր ունենք մոտավորապես մինչև Կասպիցի կեսը, որոնց հասնելը Թուրքմենստանի համար խնդիր չէ»,- ասել է նա:
Հոշբախտ Յուսիֆզադեն ընդգծել է, որ երկու երկրները մոտ ժամանակներս չեն կարող լուծել սահմանային հանքավայրի մշակման հարցը, որը Թուրքմենստանում անվանում են «Սարդար», իսկ Ադրբեջանում՝ «Քյափազ»:







































