«Առաջին լրատվական»-ը Ֆինանսների նախարարությանը հարցում էր ուղարկել, թե որքան դիզվառելիք է հատկացվել պետական աջակցության ծրագրի շրջանակներում հատկապես այն մարզերին, որտեղ խախտումներ են հայտնաբերվել: Հիշեցնենք, որ կառավարությունն այդ ծրագրի շրջանակներում սուբսիդավորել էր յուրաքանչյուր լիտր դիզվառելիքի 450 դրամ արժեքից 100 դրամը: Ֆինանսների նախարարության վերահսկողության ծառայությունը ծրագրի շրջանակներում խախտումներ էր հայտնաբերել Շիրակի, Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում: Կատարած խախտումների փաստով, օրինակ, ձերբակալվել է Արարատի մարզի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը: Իսկ ընդհանրապես, բացահայտված խախտումների արդյունքում Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցվել են քրեական գործեր:
Մենք Ֆինանսների նախարարությունից ցանկանում էինք իմանալ, թե 2012-2013թթ. այս մարզերից յուրաքանչյուրին որքան սուբսիդավորված դիզվառելիք է հատկացվել և որքան է հատկացվել այդ մարզերի յուրաքանչյուր համայնքին: Խնդրել էինք տրամադրել այդ չորս մարզերին դիզվառելիքի հատկացումների առանձին ցուցակները համայնք առ համայնք, որտեղ արտացոլված կլիներ, թե յուրաքանչյուր շահառու որքան սուբսիդավորված դիզվառելիք է ստացել: Ֆինանսների նախարարությունից, սակայն, մեզ այդ ցուցակները չտրամադրեցին՝ պատճառաբանելով, թե դրանք ուղարկվել են ՀՔԾ, և հիմա այդ մարմինը կարող է որոշել՝ տեղեկատվություն տալ, թե ոչ:
Ընդամենը պատասխանել էին, թե յուրաքանչյուր մարզին որքան դիզվառելիք է հատկացվել: «Շիրակի, Արարատի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի համար ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով նախատեսված դիզվառելանյութը 2012թ. գարնանը կազմել է համապատասխանաբար՝ 3.123.057 լիտր, 913.380 լիտր, 4.539.967 և 262.304 լիտր: 2012թ. աշնանը համապատասխանաբար՝ 1562699.5, 391.114, 2.647.631 և 117.100 լիտր: Իսկ 2013թ. գարնանը Շիրակի մարզի հողօգտագործողներին նախատեսվել է տրամադրել 3.513.000 լիտր, Արարատի մարզին` 1.873.500 լիտր, Գեղարքունիքի մարզին` 4.098.500 լիտր և Կոտայքի մարզին` 403.000 լիտր դիզելային վառելանյութ»,- նշված էր Ֆինանսների նախարարության պատասխանում:
Մինչդեռ եթե տրամադրեին շահառուների ցուցակները, պարզ կդառնար, թե ինչպես է բաշխվել մասամբ պետբյուջեից ֆինանսավորվող դիզվառելիքը: Հիշեցնենք, որ այդ ծրագրի շրջանակներում Արարատի մարզի Մխչյան գյուղից միայն 2012թ. աշնանը 48 հազար լիտր դիզվառելիք էր բաժին հասել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին: Միայն անցած աշնանը Ջ. Աբրահամյանին ու նրա որդուն այդ ծրագրի շրջանակներում մոտ 5 մլն դրամ սուբսիդիա է տրվել: Կարելի է եզրակացնել, որ Աբրահամյաններին նույն ծրագրի շրջանակներում գրեթե նույնքան դիզվառելիք ու պետբյուջեից նույնքան սուբսիդիա էլ հատկացված կլինի մյուս երկու փուլերին՝ 2012թ. գարնանը և այս տարվա գարնանը: Այսինքն՝ այս երեք փուլերով միայն Աբրահամյանները պետությունից մոտ 15 մլն դրամ սուբսիդիա, նույնն է թե՝ օգնություն են ստացել:
Ֆիննախից, սակայն, մեզ այլ ցուցակներ չտրամադրեցին: Վստահաբար կարելի է մտածել, որ Արարատի նման իրավիճակ է նաև Կոտայքի, Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում, որոնցից յուրաքանչյուրում նույնպես կլինեն Աբրահամյանների նման «անապահով» օլիգարխներ, ովքեր պետբյուջեի և աղքատ հարկատուների հաշվին հազարավոր լիտր մատչելի դիզվառելիք և միլիոնավոր դրամի օգնություն ստացած կլինեն: Սակայն Ֆիննախը հավանաբար զգուշանում է այդ տվյալները հրապարակելուց, որովհետև դրանք նույնպես մեծ աղմուկ կարող են բարձրացնել, և արդյունքում պարզ կդառնա, թե այս մարզերում որ մեծահարուստը որքան օգնություն է ստացել պետբյուջեից: Արդյունքում պարզ կդառնա, որ պետության հաշվին ֆինանսավորվող մատչելի դիզվառելիքի մեծ մասը ոչ թե անապահով հողօգտագործողներին, այլ ժողովրդի հաշվին տռզած ֆերմերներին է հասել, և կառավարության իրականացրած այդ ծրագիրը նույնպես իրականում ոչ թե շարքային հողօգտագործողին կամ գյուղացուն է բաժին հասել, այլ իշխանության փեշի տակ ծվարած մանր ու մեծ չինովնիկներին ու մեծահարուստներին:
Հ. Գ. Ի դեպ, թե այս ծրագրի շրջանակներում Ջ. Աբրահամյանի ստացած դիզվառելիքի ու պետական սուբսիդիայի, թե Աբրահամյաններին վերաբերող՝ «Առաջին լրատվական»-ի հրապարակումների հետ կապված Ազգային ժողովի կայքը միայն հուլիսի 2-ից հուլիսի 12-ն ընկած 10 օրերին 5 պարզաբանում է ներկայացրել: Ընդ որում՝ այդ պարզաբանումներում ըստ էության չի հերքվում հրապարակված տեղեկատվությունը, ընդամենը արդարացումներ և փողոցային լեզվով մեղադրանքներ են տրվում: Սակայն այս պարագայում խնդիրն այն է, որ այդ հաղորդագրությունների ոճը, մեղմ ասած, հարիր չէ Սահմանադրությամբ հանրապետության երկրորդ մարմինը ներկայացնող կայքին: Պատկերացրեք, աշխարհի տարբեր ծայրերից մարդիկ փորձում են ՀՀ ԱԺ կայքից որևէ տեղեկատվություն ստանալ, սակայն բացում են կայքը և հենց առաջին էջի վրա մի քանի հաղորդագրություն է տեղադրված, որոնց մեջ կան այսպիսի բառակույտեր. «Թեեւ դժվար է նման մտասևեռումներ ունեցողներին ինչ-որ բան բացատրել, այդուհանդերձ, ևս մեկ անգամ շեշտենք, որ անհեթեթություն է ու անբարոյականություն», «զգալիորեն պատվիրատուների փողերը «լափելու» անհագ ցանկությունը, սա նշանակում է, որ նույնիսկ ամռան շոգին նրանց պատվիրատուները չեն հանգստանում և պահանջում են շարունակել հասարակությանն ապակողմնորոշելուն ուղղված տեղեկատվական արշավը» և այլն: Տվյալ դեպքում հարկ է նշել, որ այդ հաղորդագրությունները պատվիրողներն ու դրանք գրողները պետք է գիտակցեն, որ ԱԺ կայքը ֆեյսբուքյան պատ չէ, որտեղ ով ասես կարող է իր բարբաջանքները տեղադրել:
Պատկերացրեք, եթե բացենք ՀՀ նախագահի կայքը և Սերժ Սարգսյանի հետ կապված ամենօրյա բազմաթիվ հրապարակումների հետ կապված նման բառակույտերով պարզաբանումներ կարդանք: Հետաքրքիր է, թե ինչ տպավորություն են ստանում այդ կայքի թե հայաստանյան, թե այլ երկրների ընթերցողները, եթե այդպիսիք կան: Թեև ԱԺ-ի դեպքում դա այնքան էլ զարմանալի չէ: Եթե առցանց հեռարձակվող ԱԺ նիստերին աշխարհի տարբեր ծայրերից հետևող մարդիկ կարող են ականատես լինել, թե Հ. Աբրահամյանն ինչպես է ողջ խորհրդարանին ստորացնում զուտ այն պատճառով, որ մի քանի պատգամավորներ հանդգնել են իր հովանավորյալ Արփինե Հովհաննիսյանին հարցեր տալ ինչ-որ օրինագիծ ներկայացնելու ժամանակ, ապա, հասկանալի է, որ մամուլի հրապարակումների դեպքում էլ ճիշտ տեղեկատվություն տալու փոխարեն նման տեքստեր են տեղադրում:








































