Ռուսական «Իզվեստիա» թերթի փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ-ը դիմել է Թուրքիային՝ խնդրելով հավելյալ տեղեկատվություն հայտնել Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ ցամաքային գործողության ժամանակ ավիացիայի կիրառման մասին: Այս մասին թերթին հայտնել է աղբյուրը:
Թերթի զրուցակիցը հայտարարել է, որ ՌԴ ՊՆ-ն թուրքական ռազմական գերատեսչությունից տեղեկատվություն է խնդրել Սիրիայի երկնքում օդային արշավներ անցկացնելու ծրագրերի վերաբերյալ, քանի որ թուրքական ռազմական ինքնաթիռներն առաջին անգամ հարվածներ հասցրին Սիրիայում գտնվող թիրախներին և կարող են օդում հանդիպել ռուսական ռազմական ինքնաթիռներին:
Ավելի վաղ թուրքական մամուլը գրել էր, որ թուրքական կործանիչները «Եփրատի վահան» գործողության շրջանակներում ռուսական «Սու-24» ռմբակոծիչի խոցումից հետո առաջին անգամ մուտք են գործել Սիրիայի օդային տարածք:










































