Ֆրանսիացի հայտնի նկարիչ Անրի Մատիսի հետ նախկինում չհրապարակված անկեղծ հարցազրույցը կներկայացվի գրքի ձևով: Ինչպես հաղորդում է բրիտանական Observer պարբերականը, դա տեղի կունենա 70 տարի անց այն բանից հետ, երբ նկարիչը դժգոհ լինելով, թե ինչպես է խմբագրվել իր հարցազրույցի տեքստը, արգելել է դրա հրապարակումը: Նրա ժառանգները երկար տարիներ չեն ցանկացել խախտել Մատիսի ցանկությունը, սակայն այժմ տվել են իրենց համաձայնությունը:
Հաղորդվում է, որ նկարիչը շատ անկեղծ է եղել իր զրուցակցի հետ, սակայն արգելել է հրապարակել հարցազրույցը՝ տեսնելով, որ այն կրճատել են՝ հասցնելով մինչև 206 էջի: Այդ ժամանակ դա մեկնաբանվեց պատերազմական տարիներին թղթի սղությամբ:
Հաղորդվում է, որ նկարիչը այդ հարցազրույցի ժամանակ ասել է, որ ինքը հակված է ընկճախտի:
«Երբեմն ես ամեն ինչ տեսնում եմ մուգ երանգներով: Ամենասարսափելին այն է, որ կորցնում ես սերն աշխատանքի հանդեպ… Ինձ համար գույնը ուժ է: Իմ նկարները բաղկացած են չորս կամ հինգ գույներից, որոնք բախվում են միմյանց, և այդ կոլիզիան էներգիայի զգացում է տալիս»,- ասել է նա:
Գիրքը վաճառքի կհանվի սեպտեմբերին: