Այսօր՝ հուլիսի 14-ին, Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում արտահերթ ընտրություններ են:
26/01ընտրատեղամասի հարևանությամբ է գտնվում ՀՀԿ-ական թեկնածու, նախընտրական շրջանում «Պռոշյանը մեր տունն է» կարգախոսով հանդես եկող Արթուր Մուրադյանի նախընտրական շտաբը, որտեղ այս պահին եռուզեռ է: Հավաքվել են գյուղի երիտասարդները և, ինչպես նշեց շտաբի պետն, անհամբերությամբ սպասում են արդյունքներին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ ամեն ինչ հանդարտ է և ընտրություններից հետո էլի մեկը մյուսին բարեկամ կդառնա, հարազատությունը կշարունակվի, իսկ Արթուր Մուրադյանը գյուղապետ դառնալու դեպքում կլինի բոլորի գյուղապետը:
Դիտարկմանը, թե Վովա Սահակյանը մեկ անգամ չէ, որ ասել է արդար ընտրությունների դեպքում հաղթանակն իրենն է լինելու, նա արձագանքեց. «Թույլ տվեք ժպիտով պատասխանեմ, իսկ ընտրությունները արդար են լինելու»: Նա նշեց, որ Արթուր Մուրադյանն աշխատելու է հանուն գյուղի բարօրության, և հենց այդ ցանկությունն էլ նրան մղել է մտնել ընտրապայքարի մեջ:
Նշենք, որ Պռոշյանի գյուղապետի պաշտոնի համար պայքարում են երեք ինքնաառաջադրված թեկնածուներ՝ Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը և անկուսակցական, «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ–ի գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանն ապրիլի 2-ին գյուղապետարանի դիմաց սպանվել է հրազենից:








































