Եգիպտոսի կառավարության ժամանակավոր ղեկավար Հազեմ էլ-Բաբլավին շաբաթ օրը դիմել է մի շարք քաղաքական գործիչների՝ նախարարների ձևավորվող կաբինետում պաշտոններ զբաղեցնելու առաջարկությամբ: Այս մասին հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարությունում գտնվող աղբյուրներին:
Ըստ տեղեկության՝ ֆինանսների նախարարի պաշտոնը կառաջարկվի զբաղեցնել Հանի Կադրիին, ով մինչ այդ գերատեսչությունում վերահսկում էր Եգիպտոսին վարկային օգնություն տրամադրելու՝ ԱՄՀ-ի հետ բանակցությունները:
Ինվեստիցիայի նախարարի պաշտոնը կառաջարկվի Մունիր Ֆահրի Աբդել Նուրին: Աշրաֆ էլ-Արաբին, ամենայն հավանականությամբ, կպահպանի ծրագրման նախարարի իր աթոռը:
ԱՄՆ-ում Եգիպտոսի նախկին դեսպան Նաբիլ Ֆահմիին առաջարկվել է գլխավորել հանրապետության ԱԳ նախարարությունը:
Սոցիալ-դեմոկրատների ղեկավար Զիադ Բահա Ադ-Դինը ավելի վաղ նշանակվել է փոխվարչապետ:
Սպասվում է, որ կաբինետի ձևավորումն իր ավարտին կհասցվի շաբաթվա վերջին:






































