Այսօր մանրամասներ են հայտնի դարձել Սիրիայի Լաթաքիա նավահանգստում գտնվող ռազմական պահեստների վրա հարձակման մասին: CNN հեռուստաալիքը, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներին, հայտնել է, որ հուլիսի 5-ին տեղի ունեցած պայթյուններին իր անմիջական մասնակցությունն է ունեցել Իսրայելը, քանի որ հրեական պետության պաշտպանության նախարարությունում կարծում են, որ ռուսական արտադրության «Յախոնտ» հականավային հրթիռները կարող են սպառնալ երկրի նավատորմին, և կանխարգելիչ հարված են հասցրել:
Իսրայելի զինվորականները, իրենց հերթին, ամեն ինչ հերքում են: Կասկածներն այն մասին, որ Իսրայելը Սիրիայի ռազմական օբյեկտներին հարվածներ է հասցնում, եղել են նաև ավելի վաղ, սակայն Թել Ավիվը մշտապես հերքել է դրանք: Սիրիայի ազատ բանակի գրոհայինները ևս հերքում են իրենց մասնակցությունն այս միջադեպին: