Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնի են դարձել այսօր Անկարայում անցկացված Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) նիստում ընդունված որոշումները:
YAŞ-ի նիստում որոշվել է պաշտոնաթող անել 586 գնդապետի, որոնցից 470-ը ներկայացնում են ցամաքային զորքերի, 71-ը՝ ռազմածովային ուժերի, 45-ը՝ ռազմաօդային ուժերի հրամանատարությունները:
Բացի այդ, սպաների ծառայության ժամկետը նվազեցվել է մինչև 28 տարի: Այդ որոշումը պետք է ուժի մեջ մտնի օգոստոսի 30-ին:
Երկու տարով երկարաձգվել է 434 գնդապետի ծառայության ժամկետը, նրանցից 372-ը բաժին են ընկնում ցամաքային զորքերի, 27-ը՝ ռազմածովային ուժերի, 35-ը՝ ռազմաօդային ուժերի հրամանատարություններին:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել էր, որ զինված ուժերից հեռացվել են 3725 զինվորականներ:










































