Հայաստանի Հանրապետությունը Սաֆարովի գործով ներգրավվել է որպես երրորդ կողմ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեցին արդարադատության նախարարությունից։
Հիշեցնենք, որ այս գործով արդեն իսկ կոմունիկացիա էր սկսվել, և մինչև այս տարվա մայիս ամիսը Հունգարիայի և Ադրբեջանի կառավարությունները ժամանակ ունեին պաշտոնապես ՄԻԵԴ-ին ներկայացնելու իրենց բացատրությունները: Արդարադատության նախարարությունից չեն պատասխանել մեր այն հարցմանը, թե արդյոք երկու երկրների կառավարությունները ներկայացրե՞լ են իրենց բացատրությունները, և ըստ ընթացակարգի՝ արձագանքե՞լ է արդյոք ՀՀ կառավարությունը այդ բացատրություններին։
«Հայտնում ենք, որ Սաֆարովին Ադրբեջան հանձնելու հետ կապված ՄԻԵԴ-ում գործի քննությունը շարունակվում է: Հայաստանի Հանրապետությունը ներգրավված է որպես երրորդ կողմ, և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունը կհայտնի իր դիրքորոշումը»,- ասված է ԱՆ պատասխանում։
«Առաջին լրատվական»-ը փորձեց նաև այս գործով որոշակի պարզաբանումներ ստանալ ՄԻԵԴ-ում հայ սպա Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերը ներկայացնող Նազելի Վարդանյանից, սակայն վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ որոշակի ոչ մի բան չկա։ Ավելին, հայտնի էլ չէ՝ Հունգարիան ու Ադրբեջանը արդեն իսկ ներկայացրե՞լ են իրենց դիրքորոշումը, թե՞ դեռ ոչ։
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, սակայն, այս երկու երկրների կառավարությունները չեն արձագանքել այս գործին և որևէ բացատրություն չեն ներկայացրել, որի իրավունքը ևս ունեն։
Հիշեցնենք, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները և մահափորձի ենթարկված մյուս սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչները Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացրել համապատասխան անհատական գանգատ, որով վիճարկում են Հունգարիայի և Ադրբեջանի կողմից իրականացված ոչ իրավաչափ գործողությունները՝ Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին փոխանցելը, հետագայում Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելը, արդարացնելն ու հերոսացնելը:
Ռամիլ Սաֆարովը 2004 թվականի փետրվարի 19-¬ին Բուդապեշտում ՆԱՏՕ-¬ի եռամսյա անգլերենի դասընթացներին մասնակցության ժամանակ գիշերը կացնի 16 հարվածներով դաժանաբար սպանել էր քնած հայ սպային՝ Գուրգեն Մարգարյանին: Հունգարական դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ բանտարկության՝ պատիժը 30 տարի չվերանայելու պայմանով, սակայն 2012թ. օգոստոսի 31¬-ին Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջան, որտեղ պետք է շարունակեր կրել պատիժը: Իսկ Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիևը նրան ներում էր շնորհել և ազատ արձակել: Ադրբեջանի այդ քայլը խիստ քննադատության է արժանացել միջազգային հանրության կողմից:











































