Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել իշխանությունից հեռացված նախագահ Մուհամմադ Մուրսիի և «Մուսուլման եղբայրների» որոշ առաջնորդների դեմ՝ նրանց մեղադրելով լրտեսության և բողոքի ակցիաների մասնակիցների սպանության մեջ: Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով գլխավոր դատախազի օգնական Ադել Աս-Սաիդին:
Իսկ «Վեստի.ռու»-ի տվյալներով՝ Մուրսիի կողմնակիցները պատրաստվում են նոր ցույցեր անցկացնել: Նման կոչերով հանդես է եկել «Մուսուլման եղբայրների» առաջնորդներից մեկը՝ Էսսամ Ալ-Էրիանը: Նա վերջին դեպքերը համարել է «ռազմական հեղափոխություն»: Այս հայտարարությունը հրապարակվել է իսլամիստների կողմից ուրբաթ օրը մի քանի ավտոմայրուղիների և Կահիրեում որոշ հրապարակների փակվելուց ընդամենը մի քանի ժամ անց: Իսլամիստները պահանջել են Մուրսիի վերադարձը:
Կահիրեում բողոքի ակցիաները կանցկացվեն հանրապետական գվարդիայի շենքի մոտ՝ այնտեղ, որտեղ, ամենայն հավանականությամբ, գտնվում է նախկին նախագահը: Շաբաթվա սկզբին համանման ակցիայի ժամանակ 50 մարդ էր զոհվել. ցուցարարների վրա կրակ էին բացել: Սակայն նախօրեին Մուրսիի կողմնակիցների ցույցը կրել է խաղաղ բնույթ:








































