Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ շարունակվեց Արտակ Առաքելյանի գործի դատական քննությունը:
Անցած տարվա սեպտեմբերի 27-ին Մալաթիայի տոնավաճառի տաղավարներից մեկում օրը ցերեկով նախկին ամուսինը որսորդական դանակով բազմաթիվ հարվածներ էր հասցրել ու սպանել կնոջը` անմայր թողնելով իրենց երկու անչափահաս երեխաներին:
39-ամյա Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության ու ապօրինի կերպով սառը զենք կրելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 4-րդ մասերով:
Ամբաստանյալ Արտակ Առաքելյանն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված երկու մեղադրանքներում:
Ամբաստանյալն իր պաշտպանական տակտիկան կառուցել է նախկին կնոջ, իբր թե՝ ամուսնական անհավատարմության, դրա պատճառով առաջացած վրդովմունքի պահին նրան սպանելու վարկածի վրա:
Ըստ տուժող կողմի՝ ամուսնական համատեղ կյանքի ընթացքում Արտակ Առաքելյանն ու Հեղինեն միասին Թուրքիա են մեկնել՝ առևտուր անելու համար: Հեղինեն մենակ Թուրքիայում չի եղել, որ ինչ-որ թուրքի հետ կապ հաստատեր, ինչի համար կնոջը սպանությունից հետո բարձրաձայն ու մերկապարանոց մեղադրել է Արտակ Առաքելյանը…
Արտակի ու Հեղինեի համատեղ կյանքը հարուստ է եղել կոնֆլիկտներով:
Հեղինեն մի քանի անգամ հեռացել է Արտակից, բայց վերջինս մշտապես նրան սպառնալիքներ տալով վերադարձրել է՝ այդպես են ասում Հեղինեի հարազատները: Հեղինեն իրական վախ է զգացել ամուսնու սպառնալիքներից:
Տուժող կողմի ձևակերպմամբ՝ Արտակի վերաբերմունքը կնոջ նկատմամբ հետևյալն է եղել. «Կամ ինձ հետ պիտի ապրի, կամ չպետք է ապրի»:
Դեպքից ամիսներ առաջ, վերջնականապես հեռացած լինելով Արտակից, Հեղինեն դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, թե նախկին ամուսինն անհանգստացնում է իրեն, սպառնում է:
Արտակին ոստիկանները պարտավորեցրել էին որոշ տարածությունից ավելի Հեղինեին չմոտենալ, այլևս չանհանգստացնել:
Արտակն ու Հեղինեն երկու դեռահաս երեխաներ ունեն՝ 13 տարեկան որդի և 11 տարեկան դուստր:
Հեղինեին ճանաչող վկաները փաստում են, որ Հեղինեն լավ վարքի տեր, համեստ, աշխատասեր կին էր:
Տուժող կողմի միջնորդությամբ դատարանը հրավիրել էր ու հարցաքննեց Հեղինեի եղբոր կնոջը՝ Լ.-ին՝ որպես լրացուցիչ վկայի: Դեպքի օրը Հեղինեի հետ վերջին հեռախոսազրույցն ունեցել էր այս վկան:
Լ.-ն բավական զգացմունքային ցուցմունք տվեց՝ ներկայացնելով Հեղինեի ապրած ծանր կյանքը՝ Արտակի գործադրած բռնությունների պայմաններում նրա համբերատարությունն ու հանդուրժողականությունը:
Ըստ վկայի՝ ինքը ինը տարի է՝ ամուսնացած է Հեղինեի միակ եղբոր հետ: Արտակից հեռանալով՝ 2015 թվականի մայիսից Հեղինեն ապրել էր եղբոր ընտանիքի հետ, վկան ավելի մոտիկից էր առնչվել Հեղինեի տառապանքներին:
Վկան ներկայացրեց մի միջադեպ, երբ Արտակն ու նրա հայրը ծեծել էին Հեղինեին, ապա իրենք էլ ոստիկանություն էին դիմել՝ պատճառաբանելով, թե Հեղինեն վնասել է Արտակի… մատը: Ըստ վկայի՝ իրենց զանգահարել էին Հեղինեի հարևաններն ու ասել էին. «Աղջի՛կ ջան, ձեր քրոջը էստեղ տշում են, էկեք, տիրություն արեք…»:
Հարազատները գնացել են ոստիկանություն, տեսել են, որ Հեղինեն այնպես է ծեծված, որ ամբողջ մարմինը «լողակ է դարձել»:
Երբ գնացել են երեխաների հետևից՝ «կիսուր կոչվածը դուռը չէր բացում, դուռը ջարդել են, հետո նոր էրեխեքին հանել են…»:
Տուժող կողմի հարցին՝ ինչի՞ հետ էր կապված Հեղինեի հանդուրժողականությունը, որ երկար տարիներ հանդուրժել է ամուսնու բռնությունները, վկան պատասխանեց. «Մտածում էր՝ ոչինչ, միգուցե կդզվի, կանցնի, ո՞ւմ տանը կռիվ չի լինում…»:
Վկան ներկայացրեց ևս մի միջադեպ, երբ ձմռան կեսին Հեղինեն, ամուսնու բռնությունների պատճառով, փորձել է նրանից հեռանալ, Արտակը հրել է, Հեղինեն ընկել է սառույցին ու քիթը ջարդել է: Շտապօգնություն են կանչել, Հեղինեին համոզել են, որ չբողոքի, ասի, թե ինքն է սայթաքել սառույցի վրա ու վայր է ընկել:
Վկան ասաց, թե Հեղինեն մի քանի անգամ է հեռացել Արտակից, վերջինս ամեն անգամ խնդրել, վերադարձրել է կնոջը, նույնիսկ ասել է. «Հետ չգաս՝ կեթամ Սևանում ինձ կխեղդեմ»:
Տուժողի իրավահաջորդը վկայի ցուցմունքների ընթացքում դժգոհեց իր դիմաց նստած ամբաստանյալ Արտակ Առաքելյանի դեմքի արտահայտությունից ու դիմեց նրան. «Նայում եմ իրա դեմքին, ժպիտներին, արձագանքին, մարդու հունից հանում ա ահավոր… Լսի՛, Աստծուն ես պատասխան տալու, Աստծու առաջ չես կարողանա ոչ մեկի խաբես, մարդասպա՛ն, մարդասպա՛ն… Ես դողում եմ, ինքը վեր ընկած՝ ժպտում ա»:
Վկա Լ.-ն Հեղինեի, Արտակի ու թուրք գործարարի հարաբերությունների մասին ասաց, որ թուրքի զանգերին՝ «Սկայպով», հիմնականում պատասխանել է Հեղինեն: Արտակը տանը լինելու դեպքում էլ չէր խոսում թուրքի հետ, պահանջում էր, որ Հեղինեն պատասխանի…
Վկան հիշատակեց, որ Արտակը վերջին շրջանում Ռուսաստան էլ է գնացել, փորձել է աշխատել, բայց չի կարողացել: «Հեղինեն ա տանջանքով, իր աշխատանքով երեխաներին պահել… Նա ասում էր՝ էլ չեմ դիմանում…»:
Վկան ասաց, որ Հեղինեն ու Արտակը միասին Թուրքիա են գնացել 2014 թվականի նոյեմբերին: Այնտեղ թուրք գործարարը նրանց հրավիրել է ռեստորան: Ռեստորանում Հեղինեն գնացել է պետքարան: Մինչև Հեղինեի վերադարձը թուրքը սեղանի մոտից հեռացել է՝ զանգահարելու: Հետո Հեղինեն վերադարձել է սեղանի մոտ, Արտակը ոչինչ չի ասել: Բայց երբ վերադարձել են Հայաստան, խանդի տեսարան է սարքել՝ ասելով, թե Հեղինեն ու թուրքը երևի համաձայնեցված են սեղանի մոտից հեռացել: Բայց դրանից հետո նրանք շարունակել են միասին ապրել, այդ հարցը չի քննարկվել: Հեղինեին սպանելուց հետո է Արտակն առաջ քաշել թուրքի հետ, իբր, Հեղինեի կապի հարցը՝ առանց որևէ ապացույցի՝ Հեղինեին մեղադրելով ամուսնական անհավատարմության համար:
Ըստ վկայի՝ Արտակը չի կարողացել հանդուրժել, որ Հեղինեն հեռացել է իրենից. «Հեղինեն չկար, ինքը ոչ մի բան չուներ, անգամ գնում, Հեղինեից էր կոֆե ուզում…»:
Սպանությունից հետո Արտակը ամեն բան արել է Հեղինեի անունը սևացնելու, նրան վարկաբեկելու համար, բայց Հեղինեին բոլոր ճանաչողները մեծ ցավ են ապրել կատարվածի համար, բոլորը սիրում էին Հեղինեին…
Վկան վերհիշեց, որ դեպքի օրը կիրակի էր: Հեղինեն «Մալաթիա» տոնավաճառում գտնվող իրենց տաղավար աշխատելու է գնացել ժամը իննի սահմաններում: Աղջիկը ցանկանում էր մոր հետ գնալ, Հեղինեն ասել է՝ մի գա, մնա տանը: Հեղինեն եղբոր կնոջն ասել է, թե վատ երազ է տեսել…
Հեղինեն իր տաղավարում պատվերով կար էր անում, համապատասխան կտորները հարևան կրպակներից էր գնում: Այդ օրը հարևան տաղավարներում աշխատողները Հեղինեին ասել են, թե Արտակը պտտվում է, «գնում-գալիս է»: Հեղինեն եղբոր կնոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ անհանգստացել է՝ Արտակը գնում-գալիս ա, ի՞նչ ա ուզում: Եղբոր կինը խորհուրդ է տվել բանի տեղ չդնել, արհամարհել, եթե Արտակը մտնի կրպակ:
Հեղինեն այնքան է անհանգստացել, որ որդուն էլ է զանգել, թե ինչո՞ւ է Արտակը պտտվում տոնավաճառում: Տղան ասել է՝ չգիտեմ:
Վերջին անգամ վկան Հեղինեի հետ հեռախոսով խոսել է 14-ն անց 30-ի սահմաններում: Ժամը 15-ին Հեղինեի հեռախոսն արդեն անհասանելի է եղել:
Վկան մոտակա կրպակների աշխատողներից իմացել է, որ Արտակը մտել է Հեղինեի կրպակ, երբ Հեղինեն կար էր անում. «Իրա հացն էր վաստակում… Համոզված եմ՝ երբ դանակով խփել է՝ Հեղինեն ասելա՝ էրեխեքս, էրեխեքս, բայց էս արնախումը խփել ու խփել ա, իրա գործն արել ա… Կողքի աշխատողներն ասում էին՝ երանի էնտեղ չլինեինք, էդ գոռոցները չլսեինք, էդ տեսարանը չտեսնեինք: Էնքան գազազած ա էղել, որ մարդիկ վախեցել են ներս մտնել… Խեղճ Հեղինեն վայնասունով գոռացել ա…»:
Վկան ենթադրեց, որ Հեղինեի ու Արտակի բաժանության պատճառը գումարային հարցերն էին, Արտակի չաշխատելը, նրա անհիմն խանդը: Մի քանի անգամ փորձել են ընդհանուր հայտարարի գալ, բայց չի ստացվել:
Բաժանությունից հետո Արտակը հայտարարել է, թե խանութի ապրանքն իրենն է, նա չի թողել, որ տևական ժամանակ Հեղինեն բացի խանութն ու աշխատի: Հեղինեն ասել է՝ տունն էլ քեզ, տան գույքն էլ քեզ, բայց թող՝ աշխատեմ…
Ըստ վկայի՝ խանութի ապրանքը ձեռք էին բերել բանկից վերցրած վարկով: Վարկը Հեղինեի անունով էր: Հեղինեն իր աշխատանքով էր վերջին շրջանում փակում վարկը:
Հեղինեի հեռանալուց հետո Արտակը հաճախ է նրան սպառնացել, ասել է՝ կսպանեմ քեզ էլ, ախպորդ էլ…
Լրացուցիչ վկայի հարցաքննությունից հետո մեղադրող դատախազը հանդես եկավ հայտարարությամբ, որ գործի դատաքննության արդյունքների հիման վրա որոշում է կայացրել ամբաստանյալ Արտակ Առաքելյանին առաջադրված մեղադրանքի ձևակերպումը փոփոխելու վերաբերյալ:
Նախկին ձևակերպմամբ արձանագրված էր. «2015 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 14-ի սահմաններում խանդի շարժառիթով և ամուսնական անհավատարմության պատճառով սպանելու դիտավորությամբ Արտակ Առաքելյանը իր մոտ եղած որսորդական դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր նախկին կնոջ՝ Հեղինե Դ.-ի մարմնի տարբեր մասերին ու ապօրինաբար զրկել է կյանքից»:
Դատախազը նշեց, որ տուժողի իրավահաջորդի, գործով վկաների հարցաքննությունների, գործի փաստական տվյալների հետազոտման արդյունքում եկել է եզրակացության, որ սպանության շարժառիթի մասով մեղադրանքը անհրաժեշտ է փոփոխել:
«Ամուսնական անհավատարմության» վերաբերյալ մտքերը միայն մեղադրյալի ցուցմունքներում են արծարծվել, ամուսնական անհավատարմության վերաբերյալ գործի քննության ժամանակ ոչ մի ապացույց, ոչ մի հավաստի տեղեկություն ձեռք չի բերվել, դա մնացել է որպես ամբաստանյալի ենթադրություն:
Ըստ առաջադրված նոր մեղադրանքի՝ Արտակ Առաքելյանը չի հանդուրժել կնոջ բաժանվելը, նրա կողքին այլ տղամարդու հնարավոր առկայության միտքը: Նախկին կնոջը սպանելու շարժառիթը, ըստ նոր մեղադրանքի, եղել է խանդը, կնոջ բաժանվելու փաստի նկատմամբ անհանդուրժողականությունը, իր արժանապատվությունը վիրավորված համարելու հողի վրա առաջացած վրեժխնդրությունը:
Գործի փաստական հանգամանքներով հաստատվել է, որ սպանության պահին ամուսինները բաժանվել էին, նրանց միջև ամուսնական հարաբերություններ չկային, որ խոսք լիներ «ամուսնական անհավատարմության» մասին:
Մեղադրանքի՝ միայն ձևակերպման մեջ է կատարվել փոփոխություն, Արտակ Առաքելյանը շարունակում է մեղադրվել դիտավորյալ սպանության ու ապօրինի սառը զենք կրելու, գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 4-րդ մասերով:
Արտակ Առաքելյանը վրեժխնդրության շարժառիթով որսորդական դանակով նախկին կնոջը հասցրել է 16 կտրած-ծակած վերքեր, դրանցից 9-ը եղել են թափանցող…
Արտակ Առաքելյանին առաջադրված մեղադրանքում սպանության շարժառիթի շարադրանքի փոփոխությունը տուժող և մեղադրանքի կողմերի համատեղ աշխատանքի, գործի դատական քննությանը ամենայն լրջությամբ վերաբերվելու արդյունքը կարելի է համարել այս փուլում…
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանն ասաց, թե նույն դատարանում Արտակ Առաքելյանը քաղաքացիական գործ է հարուցել, որ իրեն ճանաչեն իր իսկ կողմից սպանված նախկին կնոջ՝ Հեղինեի… միակ ժառանգորդ: Դատարանում, ըստ տուժողի իրավահաջորդի, Արտակ Առաքելյանն ասել է. «Հեղինեն մեռավ-գնաց, ես մնացի…»:
Արտակ Առաքելյանը Հեղինեի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել, այդ հարաբերություններն էլ դադարել էին սպանությունից չորս ամիս առաջ՝ 2015 թվականի մայիսին… Սպանված կնոջ գույքի նկատմամբ համառ պահանջատիրությունը սպանության համար մեղադրվող, անազատության մեջ գտնվող ամբաստանյալի կողմից՝ համատեղ երեխաների առկայության պայմաններում, հազվադեպ իրավիճակ է, միգուցե՝ բնութագրական, միգուցե…
Հաջորդ դատական նիստին հնարավոր է, որ մեղադրողը հանդես գա մեղադրական ճառով:










































