Էլ Հասակեի միջադեպից հետո ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական ուժերին նախազգուշացրել է զերծ մնալ ԱՄՆ և նրա դաշնակիցների ուժերի մոտ մարտական գործողություններից:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երկրի հյուսիս-արևելքում հարձակվել են քրդերի դիրքերի վրա Էլ Հասակա քաղաքում: Քրդերի կողմից վերահսկվող տարածքում օդային հարվածը առաջինն է եղել հինգ տարվա ընթացքում:
Պենտագոնի ներկայացուցչի խոսքով` ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան Էլ Հասակեի շրջան է ուղարկել իր ինքնաթիռները այնտեղ գտնվող հատուկջոկատայիններին պաշտպանելու համար, որոնք գտնվել են Սիրիայի ինքնաթիռների ավիահարվածներին մոտ շրջանում: Դեպքը չի հանգեցրել բախման, քանի որ այն պահին, երբ կոալիցիայի ավիացիան ժամանել է շրջան, սիրիական Սու-24 ինքնաթիռներն արդեն այնտեղից հեռացած են եղել:
«Մենք շատ լրջորեն դիտարկում ենք դեպքերը, երբ կոալիցիայի ծառայողները ռիսկային իրավիճակներում են հայտնվում, և մենք ունենք ինքնապաշտպանության իրավունք»,- մեջբերում է Wall Street Journal-ը Պենտագոնի մամլո քարտուղար կապիտան Ջեֆ Դևիսի խոսքերը:
Նրա խոսքով` Սիրիայի զինվորականներին «խորհուրդ են տալիս» չխանգարել ամերիկյան ուժերի և նրանց դաշնակիցների գործողություններին: «Մենք պարզ հասկանալ ենք տվել, որ սպառնալիքի դեպքում ԱՄՆ ռազմաօդային ուժերը կպաշտպանեն ցամաքային ուժերին»,- ասել է կապիտան Դևիսը:









































