39-ամյա Ջանին Բլեքհերսթը 3 անգամ մենինգիտով է հիվանդացել: Եվ միայն 37 տարեկանում՝ հարսանիքից մի քանի շաբաթ առաջ, երբ նա հիվանդացել է 3-րդ անգամ, բժիշկները նրա գանգի վրա անցք են նկատել, որը ճանապարհ է բացել մանրէակիր և վիրուսակիր վարակների համար: Այս մասին հաղորդում է Mail Online-ը:
Թեստերի արդյունքները ցույց են տվել, որ Ջանինը թույլ իմունային համակարգ ունի, ուստի, բժիշկները կարծել են, որ հենց դա է մենինգիտի կրկնվելու պատճառը:
2011-ին, երբ հիվանդությունը կրկնվել է, Ջանինը շատ բարձր ջերմություն է ունեցել: Սկզբում բժիշկները կարծել են, որ նրա մոտ գլխուղեղի արյան զեղում է, սակայն պարզվել է՝ մենինգիտ է:
Կնոջն անմիջապես հակաբիոտիկներ են նշանակել՝ վարակի դեմ պայքարելու համար: Ջանինն 8 օր կոմայի մեջ է եղել, մինչ բժիշկները պայքարել են նրա կյանքի համար: Երբ Բլեքհերսթը ուշքի է եկել, նա չի կարողացել խոսել, քայլել և ինքնուրույն ուտել: Հենց այդ ժամանակ էլ բժիշկները նկատել են նրա գանգի վրա գտնվող անցքը: Հենց դա է այն «դուռը», որի միջոցով ներթափանցել է վարակը:
Մի քանի ամիս անց Ջանինը վիրահատության է ենթարկվել, որի ժամանակ բժիշկներն անցքը փակել են աճառային հյուսվածքով:










































