Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ԱՄՆ Կոնգրեսի անդամներին մեղադրում է ընդդիմադիր ուժերին ռազմական օգնության ցուցաբերումն ուշացնելու մեջ, հաղորդում է Associated Press-ը:
«Սիրիական կոալիցիան խիստ մտահոգված է այն տեղեկություններից, որոնք վկայում են, որ ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ Սիրիական ազատ բանակին ցուցաբերվող օգնությունը մեծացնելու վարչակազմի փորձերը խոչընդոտում են»,- ասվում է կոալիցիայի հայտարարության մեջ:
Կոալիցիան երաշխավորում է, որ զենքը չի հայտնվի ծայրահեղականների ձեռքերում:
Ավելի վաղ Սենատի հետախուզության կոմիտեն և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն արգելափակել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ սիրիական ընդդիմությանը զինվորական օգնություն ցուցաբերելու որոշումը՝ խիստ սահմանափակումներ մտցնելով այդ միջոցների ֆինանսավորման վրա: Օրենսդիրները նման որոշում են կայացրել՝ մտավախություն ունենալով, որ զենքը կարող է հայտնվել ահաբեկիչների ձեռքերում:










































