Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումից մտահոգվելու պատճառ չի տեսնում:
Կիրբին այդպես է պատասխանել, երբ լրագրողները խնդրել են մեկնաբանել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի այն հայտարարությունը, որ Անկարան ամրապնդելու է Մոսկվայի հետ հարաբերությունները՝ Սիրիայի հարցը կարգավորելու համար:
«Ռուսաստանի ու Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունները առնչվում են միայն նրանց: Դրա համար չկա որևէ արգելք և պատճառ, որ ինչ-որ մեկը մտավախություն հայտնի, թե Թուրքիան ու Ռուսաստանը միմյանց հետ կկառուցեն նոր կամ այլ հարաբերություններ:
Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ և ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կարևոր մաս: Ես չեմ կարող խոսել ՆԱՏՕ-ի անունից, սակայն ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի անդամ է, և մենք ունենք բոլոր հիմքերը՝ ակնկալելու, որ Թուրքիան կշարունակի ողջ աշխարհում մասնակցել մեր գործողություններին»,- ասել է նա:










































