ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը գլխավոր քարտուղար Պան Գի Մունի գրասենյակ փաստաթուղթ է ուղարկել, որում նշվում է, որ Հաիթիում հազարավոր կյանքեր խլած խոլերայի համաճարակի պատճառը կազմակերպության գործունեությունն է դարձել: Այս մասին հայտնում է New York Times-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ խոլերայի համաճարակը 2010 թ. տարածվել է մոտ 700 000 հայիթիցիների վրա, դրա զոհ է դարձել առնվազն 8 400 մարդ: Տեղի բնակիչները հիվանդության աղբյուր համարում են նեպալցի զինծառայողներին, որոնք ՄԱԿ-ն է ուղարկել որպես խաղաղարար:
Պարբերականի տեղեկությամբ՝ օգոստոսի 8-ին Պան Գի Մունին ուղարկված ամերիկացի իրավաբան Ֆիլիպ Էլսթոնի գաղտնի զեկույցում ուղղակիորեն պնդում կա, որ համաճարակը Հաիթիում «բռնկվել է միայն ՄԱԿ-ի գործողությունների պատճառով»:
Միաժամանակ, արդեն այս շաբաթ կազմակերպության գլխավոր քարտուղարի օգնական Ֆարհան Հաքը խոստովանել է «համաճարակի սկզբնական բռկմանը ներգրավվածությունը», թեև նախկինում ՄԱԿ-ը հերքում էր հիվանդության առաջացմանն առնչվող ցանկացած կապ:
«Նոր պատասխանը հրապարակավ կներկայացվի 2 ամսվա ընթացքում, հենց որ դրա մշակումն ավարտվի, համաձայնեցվի Հաիթիի իշխանությունների հետ և քննարկվի մյուս անդամ պետությունների հետ»,- մեջբերում է թերթը Հաքի էլեկտրոնային նամակը:









































