Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարացրել է ՀՀ ՊՆ նախարարի նախկին տեղակալ, Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր խմբի» գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի կալանքի ժամկետը։ Նրա պաշտպան Հայկ Ալումյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց, որ կալանքի երկարաձգումը իրականացվել է առանց հիմնավորման: Պաշտպանն ահազանգում է Վ. Շիրխանյանի առողջական խնդիրների մասին:
Նա ուշադրություն հրավիրեց իր պաշտպանյալի առողջական վիճակի վրա՝ նշելով, որ առողջական վատ վիճակի պատճառով Վահան Շիրխանյանը չի կարողացել մասնակցել դատական նիստին։
«Մինչ անազատության մեջ հայտնվելը Վ. Շիրխանյանը ինֆարկտ և ինսուլտ է տարել, անազատության մեջ գտնվելով՝ նաև թոքի ինֆրակտ է առաջացել, նրա առողջական վիճակը գնալով վատթարանում է»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը ձերբակալվել էր 2015թ. դեկտեմբերի 19-ին։ Նա կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով:
Փաստաբանի խոսքով՝ գործի նյութերով մեղադրանքը ոչ միայն չի հիմնավորվում, այլ նաև հերքվում է: «Շուտ թե ուշ կպարզվի, որ նա կապ չունի այդ հանցագործության հետ, բայց երբ որ դա պարզվի, և նրան ազատ արձակեն, նա կարող է այնպիսի աողջական վիճակում լինել, որը հնարավոր չլինի վերականգնել: Չի կարելի մարդուն պահել փաստացի պատանդի վիճակում»,- մտահոգություն հայտնեց փաստաբանը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































