Սպիտակ քաղաքի 72 տարեկան բնակիչ Լևիկ Մարյանը պնդում է, որ 48-ամյա քաղաքապետ Գագիկ Սահակյանը հուլիսի 9-ին իրեն ծեծի է ենթարկել: Ոչ միայն պնդում է: Նա դիմել է իրավապահ մարմիններին: Լոռու մարզի դատախազությունում գործի նյութերով քրեական գործ է հարուցվել: Լոռու «Երկիր Մեդիա»-ի գործընկերներին համաձայնել է եղելությունը պատմել կողմերից միայն մեկը:
«Իրան վայել բան չէր: Ժողովուրդը ընտրել ա , որ ժողովրդի ցավերը հոգա, ոչ թէ ցավ պատճառի: Միայն թղթի վրա է մարդու պաշտպանության օրենքը: Մենք պաշտպանված չենք, ով ասես՝ կծեծի»,- ասել է Լևիկ Մարյանի կինը:
«Ով ասես»- ն էլ ,այս անգամ ՝ ոչ ավել, ոչ պակաս, Սպիտակի քաղաքապետ, հանրապետական Գագիկ Սահակյանն է, ծեծի ենթարվածը՝ Սպիտակի Տեր-Սիմոնյան փողոցի 64 տան բնակիչ, երկրորդ կարգի հաշմանդամ, 72-ամյա Լևիկ Մարյանը: Ամեն ինչ այսպես է սկսվել, ըստ նրա պատմածի: Սպիտակի Տոխլաշեն թաղամասում կառուցվող միջհամայնքային ճանապարհի պատճառով թաղամասի բնակիչները զրկվել են ջրից: Բնակիչներին դեռ մի ամիս առաջ խոստացել են լուծել ջրի հարցը:
«Ջրի պատճառով զրկվել ենք մեր ապրուստից»,- ասել է Լևիկ Մարյանը: Խնդրին հնչողություն տալու համար ստիպված դիմել են Սպիտակի տեղական հեռուստաընկերություններից մեկին: Լևիկ Մարյանի այս քայլը, սակայն, շատ է բարկացնում Սպիտակի քաղաքապետին: Վերջինս սկզբում, այսպես ասած՝ «համարձակ պապիկի» հետ հարցերը լուծելու համար նկարահանման վայր է ուղարկում իր վարորդին ու տեղակալ Վարդան Սահակյանին:
«Եկան, սկսեցին հրմշտել , ասի՝ ես ձեզ ի՞նչ եմ արել«,- պատմում է Մարյանը:
Քաղաքապետը սակայն այսքանով չի բավարարում :
«Եկավ, ինքն էլ՝ թափով մարդ, ու սկսեց հարվածել: Մի կերպ նստեցի մեքենան ու փախա«,- ասում է տուժողը:
Քաղաքապետի կողմից ծեծվածի համար մինչև հիմա էլ անհասկանալի է մնացել այդպիսի վերաբերմունքը. ինքը որևէ վատ բան չի արել: Իսկ ջրի պատճառով իրենք զրկվել են իրենց ապրուստի միակ միջոցից:
«Ինչ ուզում ա՝ արած լինի, 72 տարեկան մարդու ա ծեծել: Ես իր հոր տարիքին եմ : Էնպես ա ծեծել ,մինչև հիմա գլուխս թնդում ա«,- ասել է Մարյանը:









































