Microsoft-ի գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը հայտարարել է աշխարհի խոշորագույն IT ընկերություններից մեկի վերակառուցման մասին, հաղորդում է Business Insider-ը: Բալմերի խոսքերով` վերակառուցման գլխավոր նպատակն ամբողջ ընկերության (այլ ոչ թե առանձին ստորաբաժանումների համար) միասնական ռազմավարություն ստեղծելն է:
Արդյունքում կստեղծվի մի քանի նոր խումբ կորպորացիայի շրջանակներում: Մասնավորապես, կառաջանա Օպերացիոն համակարգերի խումբ, որը կենտրոնացված կլինի բոլոր օպերացիոն համակարգերի համար: Երկրորդ խումբը կզբաղվի սարքերի արտադրությամբ և տեխնիկական ապահովմամբ: Դրա ղեկավար կդառնա Ջուլի Լարսոն Գրինը:
Երրորդ ստորաբաժանումը կկենտրոնանա հավելվածների և ծառայությունների վրա (մասնավորապես՝ Microsoft Office-ի), իսկ չորրորդը` «ամպային» տեխնոլոգիաների: Այս ստորաբաժանումների ղեկավարները կլինեն Ցի Լյուն և Սատյա Նադելլան:
Բացի չորս հիմնական խմբերից, կհայտնվեն նաև մի քանի փոքրերը: Դրանք կզբաղվեն մարքեթինգի, իրավաբանական, ֆինանսական և այլ հարցերով:
Բալմերը նաև հայտարարել է Microsoft Office-ի ստորաբաժանման ղեկավար Կուրտ Դել Բենեի հրաժարականի և կազմակերպության ներսում մի շարք կադրային փոփոխությունների մասին:










































