Բրեմենի համալսարանի դասախոս, հակամարտությունների հետազոտությամբ զբաղվող Քրիստիան Կոլտերն այնքան էլ լավատես չէ և չի կարծում, թե ԼՂ հարցի լուծումը կարող է կարգավորվել խաղաղ ճանապարհով։
«Եվրոպայի հաջորդ խուսափելի պատերազմը՝ Լեռնային Ղարաբաղ» թեմայով այսօր հրավիրված քննարկմանը նա կարծիք հայտնեց, որ առաջարկվող Մադրիդյան սկզբունքները միմյանց հակասում են՝ հավելելով, որ գործնականորեն այնքան էլ շատ հնարավորություններ չեն մնացել։ «Ցավոք այդքան էլ լավատես չեմ, որ ապագայում մենք կարող ենք հարցի լուծումը ստանալ խաղաղ ճանապարհով։ Ամենօրյա տպավորությամբ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայուն է, բայց պատերազմի հնարավորությունն իրապես գոյություն ունի»,- ընդգծեց նա։
Բանախոսի գնահատմամբ՝ հույս չի ներշնչում նաև հանրաքվեն, որն իբր պետք է որոշի ԼՂՀ-ի քաղաքական ճակատագիրը․ «Հիմնական խնդիրը համարում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականության կոնցեպտը: Հաջորդը՝ անվտանգության երաշխիքների բացակայությունն է: Իրականում Մինսկի խմբի կողմից անվտանգության երաշխիքներ չկան»:
Ըստ Քրիստիան Կոլտերի՝ վտանգավոր է նաև Ղարաբաղի օդանավակայանի բացման կրկին հետաձգումը ու բացման ժամկետների անհստակությունը: «Ադրբեջանն ինտենսիվ քարոզարշավ է տանում Եվրոպայում: Իսկ աշնանը կայանալիք ընտրություններում Ալիևը կպահպանի իր դիրքերը, և կշարունակվեն նրա ճնշումները, իսկ եթե այլ ուժեր գան իշխանության, ապա մտավախություն ունեմ, որ Ղարաբաղի հարցում ավելի մեղմ դիրքորոշում չեն դրսևորի։
Արտաքուստ ամեն ինչ խաղաղ է, բայց նոր պատերազմի մտավախությունը կա»:








































