Վտարանդիության մեջ գտնվող իրանական ընդդիմադիր խումբը հայտարարել է, որ տվյալներ ունի Իրանում նոր միջուկային օբյեկտի կառուցման մասին՝ հաղորդում է Reuters գործակալությունը:
Իրանական դիմադրության ազգային խորհրդի ներկայացուցիչների խոսքերով՝ խոսքը ստորգետնյա օբյեկտի մասին է, որը տեղակայված է Դևմավենդ քաղաքից 10 կմ արևմուտք (մայրաքաղաք Թեհրանից շուրջ 60 կմ հեռավորության վրա): Օբյեկտը բաղկացած է չորս թունելներից, որոնցից երկուսն ունեն 550 մ երկարություն և վեց հսկայական ստորգետնյա սրահներ: Ընդդիմադիրների տվյալներով՝ շինարարությունը սկսվել է դեռևս 2006թ.: Նրանց խոսքերով՝ ներկայում ընթանում են եզրափակիչ աշխատանքներ:
Reuters գործակալությունը հաղորդում է, որ կասկած է առաջացնում այն փաստը, որ ընդդիմության այս հայտարարությունը հնչել է Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որի ժամանակ հաղթել է բարեփոխիչ Հասան Ռուհանին: Ռուհանիի իշխանության գալուց հետո Արևմուտքի երկրները հնարավոր են համարում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված հակամարտության լուծումը, իսկ նոր միջուկային օբյեկտի մասին հայտարարությունը կարող է ստիպել նրանց կասկածի տակ առնել իրադարձությունների նման ելքը՝ նշում է գործակալությունը:









































