Երուսաղեմում Հրեական համալսարանի հնագետները Իսրայելի հյուսիսում Հացոր հնագույն քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերել են սֆինքսի արձանի մնացորդ, որը պատկերում է փարավոն Միքերինին: Գիտնականների խոսքերով՝ Եգիպտոսում պատրաստված արձանն ավելի քան 4000 տարեկան է։ Այս մասին հաղորդում է համալսարանի կայքը:
Գտածոյի կարևորությունն այն է, որ սա Լևանտում հայտնաբերված սֆինքսի առաջին արձանն է: Բացի այդ, սա առաջին արձանն է, որ Միքերին փարավոնին պատկերում է սֆինքսի կերպարով:
Հնագետները դեռևս հայտնաբերել են գրանիտե քանդակի միայն թաթերը, սակայն գիտնականները կասկած չունեն, որ այն պատկերում է Միքերինին: Եգիպտական հինավուրց սֆինքսի արձանի կտորի վրա առկա է նրա անվամբ և «Աստվածների սիրելին, որոնք նրան հավետ կյանք են շնորհել» բառերով հիերոգլիֆ :
Գիտնականների խոսքերով՝ արձանը չէր կարող հայտնվել Հացորում Միքերինի կառավարման օրոք, քանի որ այդ ժամանակ թագավորությունների միջև որևէ կապ չի եղել: Ամենայն հավանականությամբ, սֆինքսն այստեղ է հայտնվել բավականաչափ ուշ՝ Հիքսոսների դինաստիայի ժամանակ՝ (մ.թ.ա 2-րդ հազարամյակ)՝ որպես ընծա Հացորի կառավարչին, որն այդ ժամանակ եղել է Լևանտի խոշորագույն քաղաքը:









































