ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստորեն ազդարերել է ՀՅԴ-ի և վարչապետի միջև պատերազմի սկիզբ: Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր շրջապատում ասել է, որ պատերազմ է հայտարարում Դաշնակցությանը: Ասել է նման բան Տիգրան Սարգսյանը, թե ոչ՝ արդեն էական նշանակություն չունի, որովհետև եթե Հրանտ Մարգարյանը բարձրաձայնում է այդ մասին, ուրեմն առնվազն ՀՅԴ-ն ինքն է պատերազմ հայտարարում վարչապետի դեմ:
Մարգարյանը հայտարարել է նաև, որ թեև Տիգրան Սարգսյանը պատերազմ է հայտարարել, բայց այդ պատերազմում նա չի շահի, այլ կշահի Դաշնակցությունը: Այսպիսով, սա կարելի է նաև որակել որպես ընտրություններից հետո ՀՅԴ-ի պասիվության և միգուցե «մանթրաժից» հետո ակտիվանալու հայտ: ՀՅԴ-ն ակտիվության թիրախ է ընտրել Տիգրան Սարգսյանին: Այս տեսանկյունից ՀՅԴ-ն, իհարկե, օրիգինալ չէ, քանի որ այսօր Տիգրան Սարգսյանին միայն ծույլերը թիրախ չեն ընտրում: Թեև, իհարկե, պետք է արձանագրել, որ կան վարչապետին թիրախավորելու բազմաթիվ պատճառներ՝ սկսած տնտեսական վիճակից մինչև օֆշորային սկանդալ, իսկ միջակայքում էլ, այսպես ասած, տնտեսական բարեփոխումներ, որոնք բիզնես միջավայրի համար, իրավիճակն անհասկանալի դարձնելուց բացի, ուրիշ ոչ մի արդյունք չեն տալիս:
Մի քանի տարի առաջ ՀՅԴ-ն «պատերազմ» էր հայտարարել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և ինտենսիվորեն պահանջում էր նրա հրաժարականը: Այդ պատերազմում ՀՅԴ-ն պարտվեց, քանի որ Սերժ Սարգսյանը ոչ միայն պաշտոնանկ չարեց Նալբանդյանին, այլ նույնիսկ վերանշանակեց նրան իր երկրորդ ժամկետում: Այսօր ՀՅԴ-ն պատերազմի մեջ է մտնում Տիգրան Սարգսյանի դեմ: Աճը երևում է, և եթե այսպես շարունակվի, ապա Դաշնակցությունը կհասնի նաև Սերժ Սարգսյանի դեմ պատերազմի: Սակայն, սա դեռևս խիստ տեսական հեռանկար է, քանի որ առայժմ ՀՅԴ-ն նույնիսկ ճանաչում է Սերժ Սարգսյանի «ընտրյալ» լինելը: Համենայնդեպս, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, թե Սերժ Սարգսյանի հրաժարականը արդյոք չե՞ն պահանջում, Հրանտ Մարգարյանն ասել է, որ նախագահին փոխում է ժողովուրդը:
Մի՞թե Հրանտ Մարգարյանի համար գաղտնիք է, որ Հայաստանում ժողովուրդը երբեք նախագահ չի փոխել, երբեք չի ընտրել, և ընտրելու ու փոխելու մեխանիզմը լիովին այլ է: Իհարկե՝ գիտե, բայց նա հղում է անում ֆորմալ մեխանիզմին, այսինքն, այսպես ասած, սահմանադրական ճանապարհին: Իսկ Հայաստանով անցնող «սահմանադրական բոլոր ճանապարհները» մինչև այսօր տարել են մի տեղ: Իհարկե՝ ոչ Հռոմ, այլ իշխող ռեժիմի լեգիտիմություն, թեկուզ՝ «սահմանադրական ճանապարհի» լեգիտիմազրկության գնով: Այնպես որ, ՀՅԴ-ն իրեն բնորոշ ոլոր-մոլոր ոճով, այնուամենայնիվ Սերժ Սարգսյանի դեպքում առայժմ ճանաչում է նրա լեգիտիմությունը: Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանի դեմ պատերազմին, ապա այս հարցում ՀՅԴ-ի շանսերը երևի ավելի չեն, քան ԲՀԿ-ի շանսերն էին, որը մինչև ընտրություններ հանդիսանում էր Տիգրան Սարգսյանի դեմ պատերազմող գլխավոր ուժը, սակայն այսօր վերածվել է Հայաստանում լռող գլխավոր ուժերից մեկին: Թեև, հավանական է, որ ՀՅԴ-ն ընդամենը փորձելու է տաք պահել ամառը, որպեսզի աշնանը վարչապետի դեմ պատերազմին նոր ուժով միանա հանգստացած ԲՀԿ-ն: Այսինքն, ՀՅԴ-ն կատարում է այսպես ասած «պոդոգրեվի» դերը, ինչը հաճախ քիչ հայտնի խմբերը կատարում են առավել հայտնիների համերգների ժամանակ:











































