«Մուսուլման եղբայրներ»-ը հրաժարվել են մտնել Եգիպտոսի ժամանակավոր կառավարության կազմի մեջ, որը նոր վարչապետ Հազեմ Ալ-Բեբլավին խոստացել է ձևավորել մինչև հուլիսի 12-ը: Իսլամիստական շարժման առաջնորդների որոշման մասին այսօր հայտարարել է շարժման խոսնակ Մուհամմեդ Սուդանը:
Ալ-Բեբլավին նշել է, որ նոր կառավարության գլխավոր խնդիրը երկրի տնտեսական անվտանգության հարցերի լուծումն է: Հաղորդվում է նաև, որ կկրճատվի նախարարների պաշտոնների թիվը:
Ամենայն հավանականությամբ, նախարարների նոր կաբինետի կազմ կմտնեն նախորդ կառավարության յոթ անդամներ: Մասնավորապես իրենց պաշտոններում կմնան ՆԳ նախարար Մուհամմեդ Իբրահիմը, պաշտպանության գերատեսչության ղեկավար Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին, արտգործնախարար Մուհամմեդ Քամել Ամրը և զբոսաշրջության նախարար Հիշամ Զաազուն:
Բացի այդ, ենթադրվում է, որ փոխվարչապետի պաշտոն կստանան Զիյադ Բահա Ալ-Դինը, որը եղել է վարչապետի պաշտոնի հավակնորդներից մեկը և Ալ-Նուր սալաֆիական կուսակցության առաջնորդ Յունիս Մահյունը:







































