Հուլիսի 7-ից ուժի մեջ մտան գազի ու էլեկտրաէներգիայի բարձրացված սակագները: Այսինքն՝ նախկին 132 դրամի փոխարեն սպառողը գազի 1 խորանարդ մետրը կգնի 156 դրամով, որի հետևանքով նաև էլեկտրաէներգիան թանկացավ շուրջ 8 դրամով: Ինչպես և կանխատեսում էին սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, գազի և էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում անմիջապես կթանկանան պարենային զամբյուղի առաջին անհրաժեշտության սննդատեսակները, ինչպիսիք են՝ հացամթերքն ու կաթնամթերքը, որոնք կազմում են պարենային զամբյուղի մեծ մասը: Հացամթերքի ոլորտում արդեն զգալի գնաճ է նկատվում, ենթադրվում է, որ առաջիկա օրերին կթանկանան պարենային այլ մթերքներ ևս:
Ի՞նչ աշխատանքներ է իրականացնում այս օրերին ՏՄՊՊՀ-ն այն շուկայում, որի նկատմամբ վերահսկողական լծակներ ունի, և ի՞նչ է անելու տնտեսվարողների կամայական թանկացումները կանխելու ուղղությամբ՝ «Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանեց ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը: Նա նշեց, որ կանխատեսման գործառույթներ չեն իրականացնում, բայց իրականացնում են վերահսկողություն խոշոր ապրանքային շուկաներում, այսինքն՝ այն շուկաներում, որտեղ կան գերիշխող տնտեսվարողներ, որոնց շարքին հացի շուկան չի դասվում:
Նա վստահեցրեց, որ գերիշխող տնտեսվարողների իրականացրած թանկացումներն ուսումնասիրության են ենթարկելու՝ պարզելու համար, թե որքանով են թանկացումները համահունչ գազի և էլեկտրաէներգիայի թանկացմանը: «Այսինքն՝ եթե տեղի ունենա որևէ գնային բարձրացում, ՏՄՊՊՀ-ն կհաշվարկի, թե գնագոյացումն ինչպես է տեղի ունեցել, և որ գնային փոփոխությունն ինչով է պայմանավորված, որից հետո կտա իր գնահատականը՝ արդյոք գնաճը հիմնավո՞ր է, թե՞ անհիմն: Անհիմն գնաճի դեպքում հանձնաժողովը համապատասխան օրենքով նախատեսված պատժիչ միջոցներ կկիրառի»,- վստահեցրեց Գայանե Սահակյանը:
Նա տեղեկացրեց, որ ՏՄՊՊՀ-ն վերջին մոնիտորինգն իրականացրել է ուրբաթ օրը, և այդ օրվա դրությամբ շուկայում որևէ գնային փոփոխություն չի արձանագրվել, իսկ այսօր իրականացվող մոնիտորինգի արդյունքները դեռևս հայտնի չեն, մոնիտորինգային խումբը շրջայց է կատարում մայրաքաղաքի գերիշխող սուպերմարկետներում, և երեկոյան արդեն կունենան արդյունքներ. եթե արձանագրված լինեն գնային փոփոխություններ, դրանք ՏՄՊՊՀ-ում կքննարկվեն:
Նա նշեց՝ եթե որևէ տնտեսվարողի կողմից անհամապատասխան գնային բարձրացումներ իրականացվեն, միանշանակ դա կընկալվի որպես գերիշխող դիրքի չարաշահում, անմիջապես հանձնաժողովը կկազմի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի տվյալ խնդիրը: Եթե գնային բարձրացումը լինի տնտեսապես չհիմնավորված, ապա կկիրառվեն պատասխանատվության համապատասխան միջոցներ:











































